Մատչելիության հղումներ

«Լևոն Երանոսյանը Ջրառատում էր՝ կանխելու անցանկալի միջադեպերը». Ոստիկանություն


Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան, արխիվ
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան, արխիվ

Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Ջրառատի երեկվա միջադեպի ժամանակ գյուղում չի եղել։ Այսօր այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ Լևոն Երանոսյանը երեկ Ջրառատ է գնացել միջադեպից հետո, երեկոյան՝ ոստիկանական համազգեստով։

«Ազատություն». - Պարոն Ահարոնյան, մեղադրանքներ են հնչում, որ Ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպում ներգրավված է նաև Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։ Համացանցում կան կադրեր, որտեղ նաև նա է երևում։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ էր անում փոխոստիկանապետն այնտեղ, և արդյո՞ք ծառայողական քննություն լինելու է Երանոսյանի նկատմամբ։

Ահարոնյան. - Նշեմ, որ երեկ համացանցում որոշ ուժերի կողմից, որոշ լրատվամիջոցների կողմից տեսանյութ հրապարակվեց և վերնագրվեց, որ դա վերաբերում է երեկվա՝ մարտի 14-ի միջադեպին։ Միանգամից ասեմ, որ այդ տեսանյութն արվել է ամսի 12-ին։ Պարոն Երանոսյանը ամսի 12-ին Ջրառատում կատարված դեպքերից հետո ժամանել է գյուղ, որպեսզի հետագա անցանկալի միջադեպերը կանխի։ Դեպքի ժամանակ պարոն Երանոսյանն այնտեղ չի եղել։ Այդ տեսագրությունը երեկ նկարված չէ։

«Ազատություն». - Ամսի 12-ի միջադեպի ժամանակ է տեղի ունեցել, որտեղ էլի կրակոցներ են հնչել։

Ահարոնյան. - 12-ի միջադեպից հետո, կրկնում եմ, պարոն Երանոսյանը գյուղ այցելել է միջադեպից հետո։

«Ազատություն». - Իսկ որպես ի՞նչ է այցելել, ի վերջո նա ոստիկանության զորքերի հրամանատար է, ի՞նչ գործ ուներ Ջրառատում։

Ահարոնյան. - Պարոն Երանոսյանը ոստիկանության բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա է, և շատ նորմալ և տրամաբանական է, որ պարոն Երանոսյանը... այնտեղ եղել են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ և՛ երեկ, և՛ ամսի 12-ին։ Այդտեղ զարմանալու որևէ բան չկա։

«Ազատություն». - Իսկ երեկ չի՞ եղել, Դուք հերքում եք, որ երեկ Երանոսյանը ներկա է եղել այդ միջադեպին։

Ահարոնյան. - Երեկ, պարոն Երանոսյանը գյուղ այցելել է երեկոյան, պարոն Երանոսյանը երեկ եղել է համազգեստով։ Այդ տեսանյութում նա համազգեստով չէ՝ քաղաքացիական հագուստով է։

«Ազատություն». - Պարոն Ահարոնյան, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները և աջակիցները պնդում են, որ Երանոսյանները, որոնք բնակվում են Ջրառատ գյուղում՝ և՛ Լևոն Երանոսյանը, և՛ նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, իրականում փորձ են անում վախի մթնոլորտում պահել ժողովրդին՝ թույլ չտալով, որ նրանք ներգրավվեն այլ քաղաքական ուժերի քարոզարշավում։

Ահարոնյան. - Ես չեմ փորձի մեկնաբանել։ Քննություն է կատարվում, ամեն ինչ կպարզվի։ Պարզապես ուզում եմ ասել, որ նրանք այնտեղ չեն բնակվում՝ ծնունդով են այնտեղից։

«Ազատություն». - Գրանցումն, ամեն դեպքում, այնտեղ է։

Ահարոնյան. - Հա, բայց մենք բնակության մասին էինք խոսում։ Կպարզվի քննության ընթացքում, նման բան չկա, փաստերն այլ բան են ասում, հայտարարությունները, կարծես թե, այլ բան։ Ամեն դեպքում, սպասենք, քննություն է գնում, և քննության ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Որովհետև երեկ ես հայտարարություններ տեսա, որտեղ ասում էին, որ անձամբ Լեռնիկ Երանոսյանը երեկ կրքեր էր բորբոքում։ Այնինչ դուք՝ լրագրողներդ գիտեք, որ Լեռնիկ Երանոսյանը երեկ հիվանդանոցում էր գտնվում։

«Ազատություն». - Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ ծառայողական քննություն չկա՞, պարոն Ահարոնյան։

Ահարոնյան. - Ոչ, ծառայողական քննություն ամսի 12-ի դեպքով է եղել, նշանակված է ծառայողական քննություն, ընթացքի մեջ է։

«Ազատություն». - Լեռնիկ Երանոսյանի նկատմամբ է ծառայողական քննություն ընթանում։

Ահարոնյան. - Այո, այդ օրվա դեպքով։

«Ազատություն». - Իսկ նրա եղբոր՝ Լևոն Երանոսյանի նկատմամբ չկա ծառայողական քննություն։

Ահարոնյան. - Ոչ։ Ի՞նչի համար պետք է լիներ։

«Ազատություն». - Հակոբ Մելքոնյանը պնդում է, որ Լեռնիկ Երանոսյանը անձամբ զենք է պահել իր որդու գլխին և սպառնալիքներ է հնչեցրել։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին։

Ահարոնյան. - Որ դա երեկ է չէ՞ եղել։

«Ազատություն». - Երեկ չի եղել, ամսի 12-ին՝ Ձեր նշած առաջին միջադեպի ժամանակ։

Ահարոնյան. - Նորից կրկնեմ՝ կատարվում է քննություն, քննության ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։

«Ազատություն». - Իսկ Լեռնիկ Երանոսյանը ժամանակավորապես հեռացված է աշխատանքից։

Ահարոնյան. - Չէ, լրատվամիջոցներում տեղեկատվություն գնաց, որ ազատված է աշխատանքից, ես ուզում եմ մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Լեռնիկ Երանոսյանն իր պաշտոնից չի ազատվել, ժամանակավորապես կասեցվել էր նրա լիազորությունները։

«Ազատություն». - Դա «Սասնա ծռերի» ժամանակ։

Ահարոնյան. - Այո։

«Ազատություն». - Իսկ այս պահին նրա լիազորությունները կասեցվա՞ծ են։

Ահարոնայան. - Այս պահին՝ ոչ, նա իր պաշտոնին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG