Մատչելիության հղումներ

Երեկ Ջրառատում հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, պնդում է, որ որդու, եղբոր և 17-ամյա եղբորորդու դաժան ծեծը, դանակահարությունն ու հրազենային վիրավորումը նախապես ծրագրված է եղել՝ որպես երկու օր առաջ գյուղում Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ միջադեպի շարունակություն:

«Ցերեկը մեր տունը նստած, հանգիստ․․․ Ախպորս էրեխեն դպրոցական էրեխա ա, զանգեց, լացակումած ասեց` տուն գալուց Սերոժիկ կա մի հատ՝ գյուղապետի ախպերը, քաշքշել ա, քֆուր-մֆուր ա տվել, հայհոյել ա: Ես ներսն էի, տղես ու ախպերս դուրս էին: Էրկուսով էթում են ընդե, էրեխուն բերելու, տենեն ի՞նչ ա ըլե, ի՞նչն ա պատճառը: Մոտիկանում են ընդե, էդ հայհոյողը գալիս ա ավտոյով, ընդե կայնում ա ու էլի էդ բանը շարունակվում ա: Տենց վեճ ա սկսվում, էդ ժամանակ գյուղապետարանից 30 հոգի զինված, ավտոմատներով, դանակներով, սաղի ձեռը դանակներ, տրուբեք, հարձակվում են էդ իրեքի վրա․․․ Չորս հատ դանակի հարված ախպորս՝ էրկու հատ մեջքից, էրկու հատ ոտին, հրազենային վնասվածք տղայիս ոտքին, գլխին՝ դանակի: Մի մատ էրեխին էլ տրուբով տվել են, ձեռի երկու ոսկորը պշրել: Գիպս դրեցին էրեկ, բայց էսօր պարզվում ա, որ ներքին փշրվածներ կան, օպերացիա են անում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մելքոնյանը:

Արյունալի այս բախումից երկու օր առաջ էլ Ջրառատում կրակոց էր հնչել: Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայր, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով օդ էր կրակել, ապա հաղորդում տվել, թե իրեն ծեծի են ենթարկել ու մարմնի տարբեր հատվածների սալջարդերով տեղափոխվել հիվանդանոց:

Տուժած Հակոբ Մելքոնյանի հայրն ասում է, թե Երանոսյանն այդ օրը որդու վրա զենք է պահել և հաշիվ պահանջել, թե ինչու է մասնակցել Սեյրան Օհանյանի հանրահավաքին․ - «Ինքը անձամբ եղել ա, Լեռնիկ Երանոսյանը: Կայնացրել է խաչմերուկին, էրեխեքը չեն կայնել, զենքը հանել մի հատ ընտեղ ա կրակել: Էրեխեքն էկել հայաթը կանգնել են, էլ չեն հասցրել, ինքն էլ հետևներից էկել ա, զենքը պահել ա տղայիս վրեն: Պահել ա, ասել ա՝ պտի չոքես, էրեխեն էլ ասել ա՝ չեմ չոքի: Էդ մոմենտին մյուս ախպերը դուրս ա եկել, երկուսով ձեռքերը բռնել են: Չորս հոգի էլ մարդ են էղել կողքից: Զենքը ձեռներին ա էղել, չեն էլ ռիսկ արել մոտիկ էթան բաժանելու: 30 վայրկյանի չափ քաշքշել են, խփել են իրար մինչև զենքը կարացել են առնեն: Զենքը որ առել են, ինքը արդեն փախել ա»:

Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանը անցած տարի Ջրառատի գյուղապետի աթոռի համար ընտրապայքարի մեջ էր գործող գյուղապետ, Երանոսյանների քրոջ որդի, 35-ամյա ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի հետ․ - «Բավականին շատ մեծ ձայն ունեցա․․․ իրանք ինչքան կեղծարարություն արեցին-չարեցին՝ մի կերպ անցան: Դրանից հետո իրենք արդեն մեզ համարում են թշնամի: Ու իրանք վատ զգացին, որ Սեյրան Օհանյանը եկել ա ցույցի, ելույթ ունենալու, ու մենք մասնակցել ենք: Հայհոյանքներ ա տվել, էրեխեքն էլ կայնցրել են՝ ինչի՞ ես հայհոյանք տալի, վերջը․․․ գյուղապետն ա հայհոյանք տվողն էղել: Դրանից վեճ ա ըլել, մի քիչ իրար քաշքշել են, հետո էլ զանգել ա, Լեռնիկին ասել ա, Լեռնիկն էլ էկել ա էրեխեքի հետևից․․․ Ոչ մի կուսակցական էլ չենք, մենք ի՞նչ կուսակցական: Հանրապետական կուսակցությունը հո մեր թշնամի՞ն չի: Կամ էս պետությունը հո մեր թշնամի՞ն չի: 9 կուսակցություն կա, ես ուզում եմ 9-ի կարծիքն էլ իմանալ, ի՞նչ վատ բան կա»:

Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործով պարզվել է, որ վիճաբանությունը սկիզբ է առել անչափահասների կողմից հնչեցված հայհոյանքների պատճառով: Միաժամանակ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցն ընդգծում է, որ կողմերի միջև կան որոշակի լարված փոխհարաբերություններ, ինչն ունի ավելի հին նախապատմություն և չի առնչվում այս ընտրությունների հետ:

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել ՀՀԿ-ական գյուղապետի, նրա մերձավորների, ինչպես նաև տուժողների տներում:

Հիշեցնենք, երեկվանից ձերբակալված է 35-ամյա Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն այսօր Կապանում հանրահավաքից հետո կարճ անդրադարձել է միջադեպին․ - «Ջրառատում կատարվածի վերաբերյալ մենք անպայման պահանջելու ենք, որպեսզի իրավական և ճիշտ գնահատական տրվի: Եթե չտրվի, ապա լավ չի լինի ոչ մեկի համար»:

Բախումից ժամեր անց երեկ Ջրառատում հատուկենտ գյուղացիներ էին համաձայնում խոսել տեսախցիկի առջև:

«Մենք էրկու ընտանիքների հետ էլ շատ մոտիկ ենք: Թե էս պահը ինչ ա ստացվել, ես տեղյակ չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի ջրառատցի:

Հարցին, թե հնարավոր է, որ պատճառը լինի այն, որ Մելքոնյանն աջակցել է «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքին, նա պատասխանեց․ - «Չէ, չի լինի․․․ Տեղյակ չեմ, չգիտեմ: Նոր էկել եմ, որ իմանամ»:

Մեկ այլ ջրառատցի ասաց, որ բախման պատճառն այն է եղել, որ Մելքոնյանն աջակցում է ՕՐՕ դաշինքին՝ համաձայնելով դիտարկմանը, թե գյուղում մարդն իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք չունի:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Երևանից ընդամենը 30 կիլոմետր հեռու Երանոսյանների գերդաստանը ամենաթողության մթնոլորտում սեփական իշխանությունն է բանեցնում․ - «Խայռատակ դեպքեր են․․․ Ջրառատ գյուղում իրենց փոքրիկ ֆյուրերներ զգալ: Այն, որ մենք տեսանք, թե բնակչությունը ինչ աղետալի վիճակում է, դա վախի մթնոլորտ է, որ որևէ մեկը չի կարողանում մի բան ասի, մի բառ խոսի: Եվ որևէ մեկը իրավունք չունի այլ դիրքորոշում, այլ թեկնածուի ընտրության հնարավորություն ունենա: Այսինքն միայն Հանրապետական կուսակցությունը պետք է անցներ»:

Ալեքսանյանը հիշեցրեց, որ Սարի թաղի դեպքերից ամիսներ անց Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, իսկ եղբոր՝ գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ոստիկանությում վերականգնվեցին․ - «Քանի որ այս ոստիկանությունը սպասարկում է իշխանության շահերը, ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներում պետք են անպայման ապօրինի գործողություններ, ինչպես մենք տեսանք Սարի թաղում: Նշանակում է, որ հենց էդ տեսակ կադրերն են պետք իրենց»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG