Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ներգաղթի սահմանափակման


Բողոքի ցույց Չիկագոյի միջազգային օդանավակայանում: 29-ը հունվարի, 2017 թ․

Բողոքի ցույց Չիկագոյի միջազգային օդանավակայանում: 29-ը հունվարի, 2017 թ․

Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերը նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հրամանագրերի դեմ, որոնցով ժամանակավորապես [90 օրով] կասեցվել է ներգաղթը յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից:

Բացի այդ, 120 օրով դադարեցվել է փախստականների ընդունումը ցանկացած երկրից, իսկ սիրիացի փախստականների դեպքում սահմանվել է մուտքի անժամկետ արգելանք՝ բացառություն նախատեսելով միայն քրիստոնյաների համար:

Ցուցարարները վանկարկում են՝ «Ո՛չ ատելությանը», «Ո՛չ վախին», «Մենք ողջունում ենք փախստականներին»:

Առնվազն հինգ նահանգներում դաշնային դատավորները դեմ են գնացել երկրի նախագահի այս հրամանագրին և արգելափակել դրա կատարումը: Ներքին անվտանգության դեպարտամենտը, սակայն, հայտարարել է, թե անկախ դատավորների որոշումներից, կատարելու է նախագահ Թրամփի հրամանը:

Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ արդեն ձերբակալվել կամ վտարվել են Նահանգներից:

Ամերիկայի նոր միգրացիոն քաղաքականությունը մտահոգություններ է առաջ բերել աշխարհի շատ երկրներում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ափսոսանք է հայտնել՝ ընդգծելով, որ «ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը չի արդարացնում կասկածները կոնկրետ ազգությունների նկատմամբ և ոստնահարում է մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան»:

Նախագահ Թրամփը, մինչդեռ, համոզված պաշտպանում է իր նորամուծությունները՝ հավաստիացնելով, որ դրանք ոչ թե մահմեդականների դեմ են, այլ ահաբեկչության, և արվում են հանուն Ամերիկայի անվտանգության:

Երկրով մեկ սկսված բողոքի ցույցերից հետո Սպիտակ տան ղեկավարը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. - «Ամերիկան ներգաղթյալների հպարտ երկիր է, և մենք կշարունակենք հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են հալածանքներից ու ճնշումներից, սակայն, մենք դա պետք է անենք մեր սեփական երկրի քաղաքացիներին ու սահմանները պաշտպանելով»:

Թրամփը հիշեցրել է, որ նույն քայլին դիմել էր նաև իր նախորդը՝ Բարաք Օբաման, երբ 2011-ին 6 ամսով դադարեցրել էր վիզաների տրամադրումը իրաքցի փախստականներին:

«Իմ հրամանագրում նշված յոթ երկրները որպես ահաբեկչության աղբյուր առանձնացվել են նաև Օբամայի վարչակազմի կողմից: Ընդգծում եմ՝ սա արգելանք չէ մահմեդականների կամ կրոնի դեմ: Աշխարհում ավելի քան 40 հիմնականում մահմեդականներով բնակեցված երկիր կա, որոնց վրա այս հրամանագիրը չի տարածվում», - հայտարարել է Թրամփը:

Սպւտակ տան խոսնակ Շոն Սփայսերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կվերսկսի վիզաների տրամարդումը բոլոր այդ երկրներին 90 օրից, երբ վստահ կլինի, որ անվտանգության միջոցառումերը խստացվել ու ամրապնդվել են:

«Ժամանակավոր այդ արգելանքը մտցվել է ստուգման նոր մեխանիզմներ մշակելու համար, որպեսզի մենք իմանանք, թե ում ենք թողնում այս երկիր: Ամերիկայի քաղաքացիների և մեր երկրի անվտանգոթյունը պետք է գերակայող լինի, և մենք, ինչպես նախագահը նշեց, պետք է համոզված լինենք, որ Ամերիկա ներգաղթողները գալիս են խաղաղ նպատակներով և ոչ թե վնաս տալու», - պնդել է Սփայսերը:

Ի դեպ, անդրադառնալով սիրիական պատերազմից տուժածներին՝ Թրամփը հայտարարել է․ - «Ինձ համար մշտապես առաջնային է լինելու իմ երկրին ծառայելն ու այն պաշտպանելը: Սակայն, որպես նախագահ, ես տառապյալներին պաշտպանելու ձևեր կգտնեմ»:

XS
SM
MD
LG