Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություն՝ Թրամփի հրամանագրերը քննադատելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրամանագիր ստորագրել, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2017թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրամանագիր ստորագրել, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահը երեկ որոշեց պաշտոնից ազատել գլխավոր դատախազի պաշտոնակատարին, ով դրանից ժամեր առաջ քննադատել էր Սպիտակ տան ղեկավարի հրամանագրերը մահմեդական յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից ներգաղթը 60 օրով կասեցնելու, փախստականների մուտքը 120 օրով արգելափակելու վերաբերյալ:

«Վստահ չեմ, որ նախագահի այդ որոշումները օրինական են», - հայտարարել էր Սելի Յեյթսը՝ կոչ անելով իր ենթականերին չպաշտպանել դրանք դատարաններում, որտեղ ընդդիմախոսները հիմա փորձում են չեղարկել Թրամփի նորամուծությունները: Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ մինչ օրս խիստ հազվադեպ են եղել դեպքերը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը դեմ է գնացել երկրի նախագահի հրամանագրին:

Արձագանքը չուշացավ, ժամեր անց Սպիտակ տունը հայտարարություն տարածեց՝ Յեյթսին բնորոշելով որպես դավաճան, Օբամայի վարչակազմի կողմից նշանակված պաշտոնյա, ով թույլ է սահմանների պաշտպանությունից ու ապօրինի միգրացիայից:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրեց՝ 325 հազարից ընդամենը 109 մարդ է ձերբակալվել և հարցաքննվել, Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերն էլ ընդգծեց՝ նախագահը մտադիր չէ ետ կանգնել: «Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած սպասել, մինչ հարձակման կենթարկվենք, և ամեն ինչ կանենք կանխարգելելու համար: Դոնալդ Թրամփը պատրաստվում է իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ կանխելու ցանկացած վտանգ, որ սպառնում է այս երկրին, և դա հենց այն է, ինչով զբաղվում է նախագահը՝ Ամերիկայի անվտանգությունն ու ապահովությունը դասելով ամեն ինչից վեր», - հայտարարեց Սփայսերը:

Սպիտակ տան փաստարկները, սակայն, առայժմ ոչ բոլորին են համոզում: Խոշորագույն՝ առավել լիբերալ հայացքներով հայտնի քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերը, դրանց են միացել նաև բազմազգ աշխատակիցներ ունեցող մի շարք խոշորագույն ընկերություններ, այդ թվում՝ Google-ը: Դեմոկրատներն, իրենց հերթին, նախաձեռնություններ են պատրաստում Կոնգրեսում՝ փորձելով օրենսդրական ճանապարհով տապալել Դոնալդ Թրամփի հրամանագրերը: «Դրանք հակասում են մեր արժեքներին», - հայտարարում էին դեմոկրատ օրենսդիրները երեկ Վաշինգտոնում՝ Վերաքննիչ դատարանի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ:

«Դա մեզ առավել խոցելի կդարձնի՝ զրկելով արտերկրում կռվող մեր զինվորներին դաշնակիցներից», - հայտարարում էր Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը:

«Մենք կպայքարենք Դոնալդ Թրամփի դեմ դատարաններում, Կոնգրեսում, մենք միասնական կլինենք նրա դեմ, քանի դեռ Թրամփը ուզում է ինքն իրեն դասել Միացյալ Նահանգների օրենքից վեր, և սա է իրական հայրենասիրությունը», - հայտարարում էր Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Ընդդիմախոսների շարքում են ոչ միայն դեմոկրատները, այլև Պետքարտուղարության մի շարք աշխատակիցներ: Հաղորդվում է, որ դիվանագետները երեկ հայտարարություն են տարածել՝ զգուշացնելով, թե Դոնալդ Թրամփի վերջին հրամանագրերը կարող են հակաամերիկյան տրամադրություններ առաջ բերել աշխարհում՝ վատթարացնելով Վաշինգտոնի հարաբերությունները մի շարք երկրների հետ:

Ի պատասխան՝ Սպիտակ տունը հորդորել է դիվանագետներին կա՛մ ենթարկվել նախագահի որոշմանը, կա՛մ հրաժարական ներկայացնել:

Քիչ առաջ էլ Դոնալդ Թրամփը Թվիթերում արձագանքել է դեմոկրատների երեկվա հանրահավաքին, փաստելով՝ նրանց բարձրախոսն անգամ չէր աշխատում, «խառնաշփոթ վիճակ՝ ճիշտ ինչպես Դեմոկրատական կուսակցության ներսում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG