Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱԽ նիստում անդրադարձել է ԼՂ խնդրին, ապրիլյան պատերազմին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ասել, թե «սառեցված հակամարտություն» ձևակերպումը, որը հաճախ օգտագործվում է Եվրոպայի հակամարտությունները բնորոշելու համար, ինքնին ճիշտ չէ և թյուրիմացության մեջ է գցում:

«Քանի դեռ խաղաղ համաձայնագիրը ստորագրված և իրականացված չէ, բռնությունների վերսկսման վտանգը մնում է: Դա մենք տեսանք անցած տարի ապրիլին Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղում», - ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ը ամբողջովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և հակամարտության կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ամբողջովին կատարել հրադադարի համաձայնությունը:

«Ես բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում քաղաքական ավելի մեծ կամք դրսևորել ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելու և նախկին պայմանավորվածությունները իրականացելու համար, այլև վերականգնել համալիր և հետևողական բանակցային գործընթացը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ կայացած քննարկումը նվիրված էր Եվրոպայում հակամարտությունների կարգավորմանը:

Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է հանգուցալուծվի՝ ամբողջովին երաշխավորելով Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը: Նա կոչ է արել ակտիվացնել ջանքերը Մոլդովայի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քննարկման ժամանակ իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների և բռնությունների:

«Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է», - հայտարարել է Մնացականյանը։

Անդրադառնալով 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, Հայաստանի դեսպանը նշել է, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը՝ որպես հակամարտության ռազմական լուծում: Նշվել է, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով:

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն է արտահայտել միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետևողական և անվերապահ աջակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG