Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագրի գործով նիստ կանցկացնի փետրվարի 7-ին


Սան Ֆրանցիսկոյի շրջանային վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին նիստ է հրավիրել ներգաղթի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կասեցման մասին դատավճիռը բեկանելու հարցով:

Ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր Արդարադատության նախարարության պահանջը` չեղյալ հայտարարել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը, որով կասեցվել էր Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:

ԱՄՆ նախագահի հրամանագիրը 90 օրով արգելափակում է մահմեդական 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, 120 օրով դադարեցնում է փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցնում սիրիացի փախստականների ներգաղթը:

Փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարտը կասեցրել էր նախագահի հրամանագրի իրականացումը: Թրամփը իր հրամանագրի ստորագրումն արդարացրել է անվտանգության նկատառումներով, սակայն դրա հակառակորդները պնդում են, որ այն հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը` կրոնական խտրականություն դրսևորելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG