Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրություններին դաշինքով գնալու հարցը «Ժառանգություն»-ում լուրջ տարաձայնություններ է առաջացրել, դրա պատճառով անգամ կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը լքեց «Ժառանգություն»-ը։

Դաշինքին դեմ հանդես եկող կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մինչդեռ հայտարարում է, որ կուսակցությունը չի լքի, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օսկանյանի և Օհանյանի հետ դաշինքին դրական տրամադրված լինելը կուսակցության պաշտոնական տեսակետը չէ։

«Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում կայացնելու համար պետք է լինի համապատասխան մարմնի կողմից որոշում, որը հավաքական է, այլ ոչ թե միանձնյա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Երեկ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը կարող է ապագա ղեկավար դառնալ, իսկ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների համար Օսկանյանի և Օհանյանի պատասխանատու լինելու հարցին, Հովհաննիսյանն ասել էր, թե «ամեն մեկն իր մեղքը ունի, բայց այս ընտրությունը հնարավորություն է, որ ամեն մեկը իր հետագծին դեմ հանդիման գնա»։

Փոստանջյանը հայտարարում է, որ պայքարելու է այս դաշինքի դեմ, կամ Օհանյանը և Օսկանյանը պետք է խոստանան, որ ընտրություններից հետո կանգնելու են դատարանի առաջ։ Պատգամավորը կարծում է, որ Անահիտ Բախշյանը չպետք է հեռանար, պետք է մնար և պայքարեր դաշինքի դեմ։ «Ամենակարևորն այն է, որ հենց որոշում կայացնելու ժամանակ տիկին Բախշյանը լիներ, և հենց որոշման այդ շեմին իր տեսակետը հայտեր, այլ ոչ թե հեռանար», -ասաց Փոստանջյանը։

Նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փոստանջյանի նման չէր կարող պայքարել, չէր կարող համակերպվել նաև Օսկանյանի և Օհանյանի հետ համագործակցությանը։

«Էս մի թայֆան գնա՞, էն մի թայֆան գա՞։ Այդ ուժերը ժողովրդավարության հիմքերը քանդողներն են, մեր երկրի, հիմքերը թուլացնողներն են, այնպես չի, որ չենք ճանաչում։ Իրենք եղել են իշխանության մեջ և կարող էին ժամանակին՝ և՛ ընտրությունները թույլ չտալ կեղծել, և՛ ժողովրդի վրա բռնություն՝ մահակ, զենք չհանել, չսպանել, կարող էին, բայց արեցին, հիմա հանկարծ եկել, ասում են՝ «չէ, մենք ուրիշ միս ու արյուն ենք», շաքար ասելուց բերանը չի քաղցրանում», - ասաց Բախշյանը։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Բախշյանին փորձել է պահել կուսակցությունում, պնդել է, որ դրանք ընդամենը քննարկումներ են և դաշինքի հարցը որոշված չէ, սակայն Բախշյանն անգամ քննարկումներն է անընդունելի համարում։

«Ազատության» հարցին, թե չի՞ կարծում, որ սրանով հարված է հասցնում կուսակցությանը, Բախշյանը պատասխանեց. - «Ցավոք՝ այո, շատ ցավում եմ, բայց հարված եմ հասցնում։ Ես գիտեմ, որ լավ բան չեմ արել, բայց իմ սկզբունքներն ավելի բարձր արժեք են ինձ համար, քան՝ ցավացնելը։ Այո, ես ցավացրել եմ, ցավացրել եմ անձամբ պարոն Հովհաննիսյանին, որի համար շատ նեղվում եմ, բայց ի՞նչ անեմ, ի վերջո ես էլ 14 տարի իր հետ, իր կողքին ջանքեր եմ դրել «Ժառանգության» համար ու այսօր աչքիս առաջ տեսնում եմ, որ ես էլ եմ վնասում, ես էլ եմ քանդում»։

«Ժառանգության» փոխնախագահ, դաշինքի կողմնակից Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ թեև Բախշյանի հետ համաձայն չէ, բայց նրան բարիք է մաղթում։

Կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունը մեկ անձով չէ որոշվում և իրենք կհաղթահարեն այս դժվարությունը։

«Եթե մենք ճիշտ որոշումը կայացնենք, նույնիսկ, եթե կորուստների գնով դա լինի, կարևորը ճիշտ որոշումը կայացնելն է, եթե դա միտված է լինելու իշխանափոխությանը, և մենք ինչ-որ լումա կարողանալու ենք մեր քայլերի շնորհիվ այդ իշխանափոխության գործում մտցնել, ես կարծում եմ, որ ժողովուրդը մեզ շնորհակալություն կասի՝ անկախ նրանից, որ մենք այսօր ինչ-որ բաներ կկորցնենք», - ասաց Խուրշուդյանը։

Զարուհի Փոստանջյանը մինչդեռ հետևել է դաշինքի շուրջ քննարկումներին, վստահ է, որ հանրությունը դրան դրական տրամադրված չէ, և խորհուրդ է տալիս առանձին գնալ ընտրություններին։

Հարցը վերջնական լուծում կստանա առաջիկա օրերին կայանալիք կուսակցության վարչության նիստում։

XS
SM
MD
LG