Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար և ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը կուսակցությունը լքելու դիմում է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ազատության» հետ զրույցում նա քննադատեց առաջիկա ընտրություններում Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ դաշինքով գնալու՝ «Ժառանգության» քննարկումները և պնդեց, որ դա իր համար անընդունելի ու տարօրինակ է․ - «Էս մի թայֆան գնա, էն մի թայֆան գա․․․ Այդ ուժերը ժողովրդավարության հիմքերը քանդողներն են մեր երկրի, հիմքերը թուլացնողներն են: Իրենք եղել են իշխանության մեջ և կարող էին ժամանակին և՛ ընտրությունները թույլ չտալ կեղծել, և՛ ժողովրդի վրա բռնություն, մահակ չհանել, զենք չհանել, չսպանել: Կարող էին, բայց չարեցին: Հիմա եկել են ասում են՝ մենք ուրիշ միս ու արյուն ենք»:

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Բախշյանին փորձել է պահել կուսակցությունում․ պնդել է, որ դրանք ընդամենը քննարկումներ են և դաշինքի հարցը որոշված չէ, սակայն Բախշյանը անգամ քննարկումներն է անընդունելի համարում։

Հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» լքելով հարված չի հասցնում կուսակցությանը, Բախշյանը պատասխանեց․ - «Ցավոք, այո: Շատ ցավում եմ, բայց հարված եմ հասցնում: Բայց իմ սկզբունքները ավելի բարձր արժեք են ինձ համար, քան ցավացնելը»:

Բախշյանը ասաց, որ կուսակցությունում մնալ և Զարուհի Փոստանջյանի պես պայքարել չէր կարող։ Այլ կուսակցության անդամակցել չի պատրաստվում, քննարկում է «Ազատ դեմոկրատների» ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցը։

Անահիտ Բախշյանն ասաց նաև, որ «Լուսավոր Հայաստանին» անդամակցելու առաջարկը մերժելու է, իսկ եթե խորհրդարանական ընտրություններին չմասնակցի, ապա կհեռանա քաղաքականությունից։

XS
SM
MD
LG