Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Սեյրան Օհանյանը կարող է ապագա ղեկավար դառնալ»


Րաֆֆի Հովհաննիսյան, 16-ը դեկտեմբերի, 2017 թ․

Րաֆֆի Հովհաննիսյան, 16-ը դեկտեմբերի, 2017 թ․

«Ժառանգության» առաջնորդի խոսքով, «քաղաքականությունը նաև փոփոխական արհեստ է», և ժողովուրդն այսօր պահանջում է, որ «մենք ունենանք փոփոխություն»:

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, մասնավորապես նշելով՝

«Խորհրդակցություններ ենք անցկացնում բոլորի հետ, մեր որոշումն առաջիկա օրերի ընթացում կհրապարակենք: Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք նվիրված են Հայաստանի քաղաքացու ազատությանը, սահմանադրական իրավունքին և մեր երկրի ինքնիշխանությանը: Սա տևապես ասել ենք, և ոչ մի բան չի փոխվել:

Սեյրան Օհանյանը, Արամ Սարգսյանը․․․ լեցուն քաղաքական գործիչներ կան, որոնց հետ ես համաձայն եմ և ում հետ ունեցել եմ մեծ-մեծ տարաձայնություններ: Մարդիկ, որ ինձ վիրավորել են, երբ ես եղել եմ քաղաքացիությունից զուրկ, նաև ներկայացրել են ռեժիմ, բայց քաղաքականությունը նաև փոփոխական արհեստ է, և ժողովուրդն այսօր պահանջում է, որ մենք ունենանք փոփոխություն: Թեկուզ կեղծված հանրաքվեից հետո ունանանք փոփոխություն: Հիմա «ժառանգությունը» պիտի որոշի՝ այս շրջանում առանձին գնալ, գնալ դաշինքով, թե՞ գնալ այլ եղանակով»:

«Ազատության» հիշեցմանը, որ Զարուհի Փոստանջյանը «մարտի 1»-ի իրադարձությունների մեղսակից է համարում նշված գործիչներից (Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան) ոմանց, Հովհաննիսյանն արձագանքեց՝ «Ամեն մեկն ունի իր տեսակետը, ես էլ, ցավոք սրտի, մարտի 1-ին Պետերբուրգում էի, Եվրախորհրդի կողմից դիտորդ էի։ Եվ միայն մարտի 2-ին հասա:

Համարեք նաև ինձ մեղսակից, որ ներկա չէի: Մեղսակից էին բոլորը՝ բոլոր նախագահները, մեղսակից էին զինված ուժերը, մեղսակից էին նրանք, ովքեր կրակ բացեցին անմեղ քաղաքացիների ու նաև ոստիկանների նկատմամբ: Եվ տասնյակ տարիներ անց թող ոչ մեկը սուրբի կերպարի մեջ հիմա չկանգնի և չներկայացնի աշխարհին կամ հայությանը, որ ինքը՝ սրբության սրբոց, ունի վերջին ճշմարտությունը:

Այո, պատասխանատվությունն այնտեղ Քոչարյանինն էր և Սարգսյանինը: Այո, առաջին հերթին իրենք պետք է դատաքննվեն: Նույնպես, մինչև հիմա մարտի 1-ի գործի շրջանակում չեն դատաքննվել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, չեն դատաքննվել նրանք, ովքեր որպես տուժող են ներկա եղել: Այնպես որ՝ ես կարծում եմ, որ ոչ մի հակասաություն չկա, պետք է նոր Հայաստան, սահմանադրական Հայաստան, իշխանափոխված Հայաստան: Եվ Զարուհի Փոստանջյանի ասածը միայն այդ է՝ որ բոլորը հավասար․․․ բայց ներկա դրությամբ, մեղսակից չի կարող լինել, քանի դեռ չի եղել դատավարություն: Եվ մենք ասում ենք՝ նոր իշխանություն, նոր Հայաստան և բացեք դատարանները: Բայց ոչ այս դատարանը: Այսօր հրեշը իշխող միակուսակցական, ապօրինի, կրիմինալ կուսակցությունն է»:

«Ազատության» հարցին՝ «2015 թվականի հանրաքվեից հետո ասում էիք, որ Սեյրան Օհանյանը պետական հանցագործության մեջ է ներգրավված, որովհետև ուղղորդել է զինվորներին քվեարկության: Ուժի մե՞ջ է ձեր այդ հայտարարությունը», «Ժառանգության» առաջնորդը հետևյալ պատասխանը տվեց՝

«Ես նույն գեներալ Օհանյանին, իր հերոսական հանգրվանները հիշեցնելով, նաև իրեն հիշեցրել եմ, որ մեր զինվորներն այդպես են գնացել ընտրության: Ես դա իրեն հուշել եմ, բայց ես այն ժամանակ նաև այլ անուններ եմ տվել: Այնտեղ կա գլխավոր գերագույն հրամանատար նույնպես: Այդ հարցը ես բարձրացրել եմ պարոն Օհանյանի մոտ: Այո, որտեղ ունեցել եմ տարաձայնություններ, ես բարձրացրել եմ բոլոր գործընկերների մոտ, դա լինի Օսկանյանը, Փաշինյանը, թե Սարգսյանը»:

Սեյրան Օհանյանն ինչպե՞ս է արձագանքել ձեր ասածին: Լրագրողներից մեկի այս դիտարկմանն էլ Հովհաննիսյանը պատասխանեց՝ «Դուք պարոն Օհանյանին պիտի հարցնեք: Ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանն ունի պետական շատ կարևոր փորձ, ունի տալիք մեր երկրին, ինքը նաև ապագա ղեկավար կարող է դառնալ, բայց ոչ մեկը զերծ չէ դատաքննության պահանջից: Դա վերաբերվում է բոլորիս»:

Դիտարկմանն էլ, թե այդ տրամաբանությամբ, ով իշխանության մեջ չէ, նրա հետ կարելի է ճանապարհ գնալ, եթե անգամ ընդունում ենք, որ ընդգրկված է եղել ընտրակեղծարարության մեջ, Րաֆֆի Հովյաննիսյնն արձագանքեց՝ «Մարդը փոփոխական է, ապրում է սահմանափակ տարիներ: Ամեն մեկն ունի իր մեղքը: Եվ այս ընտրությունը մենք պետք է միասին դարձնենք այդ հնարավորությունը, որ ամեն մեկը դեմ հանդիման գա իր հետագծին, գնահատաենք մարդկանց ծառայությունը հերոսական սահմանի վրա թե պետական կառավարման մեջ: Բայց նաև տարանջատենք ընտրակեղծիք հրահանգողներին ստիպված իրականացնողներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG