Մատչելիության հղումներ

Պեսկով․ Կրեմլը սպասում է Թրամփի պաշտոնամուտին՝ առանց վարդագույն ակնոցի


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան Դոնալդ Թրամփին վարկաբեկող տեսագրություն չի արել և սպասում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի երդմնակալությանը՝ հույս ունենալով, որ կհաջողվի կարգավորել չափազանց վատթարած ռուս - ամերիկյան հարաբերությունները։ Կրեմլը կիրակի օրը արձագանքել է Ռուսաստանի հետ կապված սկանդալային հրապարակումներին և հայտարարություններին։

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայություններին պետք չէր հետևել Թրամփին, երբ նա Մոսկվա էր եկել գործարարի կարգավիճակով։

Արևմտյան մամուլը, հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ Մոսկվան Թրամփին վարկաբեկող տեսագրություն ունի, որը կարող է օգտագործել նրան շանտաժի ենթարկելու համար։

«Նման բան չէր կարող լինել։ Հարյուրավոր և հազարավոր բիզնեսմեններ տարբեր երկրներից, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներից, այցելում են Մոսկվա։ Եթե խոսքը օրինական գործունեության մասին է, Ռուսաստանը ազատ երկիր է, նրանք գալիս են, գնում են, իրենց գործերով են զբաղվում։ Հատուկ ծառայություններրը տեղեկություններ են հավաքում հնարավոր սպառնալիքների մասին և ոչ թե կոմպրոմատ», - երեկ ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ ռուսաստանյան կառավարական կայքերը, այդ թվում նաև՝ երկրի նախագահի պաշտոնական կայքը, բազմիցս ենթարկվում են հաքերային հարձակումների տարբեր երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Հնդկաստանից, սակայն Մոսկվան սրանում Վաշինգտոնին չի մեղադրում․ - «Մենք չենք ասում, չէ՞, որ այդ հարձակումները պատվիրել է Օբաման, և դրանց հետևում Սպիտակ տունն է կանգնած։ Եթե մենք նման բան ասենք, դուք կմտածեք, որ ռուսները խելագար են»։

Պեսկովը, ըստ էության, նաև մեղադրել է ամերիկյան հատուկ ծառայություններին ոչ արհեստավարժ լինելու մեջ: «Այդ զեկույցը ռուսական կիբերհարձակումների մասին ծիծաղելի զեկույց էր։ Այն չի պարունակում և ոչ մի ապացույց, անհեթեթ եզրակացություններ են միայն», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։ Ավելին, Պեսկովի փոխանցմամբ, Թրամփը սխալվում է՝ համարելով, որ կիբերհարձակումների հետևում Ռուսաստանն է կանգնած:

«Մոսկվայում ուզում են Միացյալ Նահանգները տեսնել տրամադրված համագործակցության, ոչ ագրեսիվ, բարեկամական և կանխատեսելի: Մենք հարգում ենք Թրամփի երկխոսության պատրաստակամությունը», - ասել է Պեսկովը և հավելել, որ Մոսկվան վաղուց էր սպասում նման համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություններ Վաշինգտոնից։

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան չունենան տարաձայնություններ, սակայն հնարավոր է համագործակցել մի շարք ոլորտներում, օրինակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ամեն դեպքում, Կրեմլը, ինչպես Պեսկովն է ասել, վարդագույն ակնոց չի կրում և սպասում է Թրամփի երդմնակալությանը, որը տեղի կունենա արդեն մի քանի օրից՝ հունվարի 20-ին։

Պուտինի խոսնակը այսօր ևս հայտարարություններով է հանդես եկել՝ ընդգծելով, մասնավորապես, որ Կրեմլը նպատակահարմար է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել նրա երդմնակալությունից հետո։ «Եկեք մի քիչ համբերությամբ զինվենք, սպասենք, մինչև նա ստանձնի իր պաշտոնը, հետո նոր մեկնաբանենք նրա այս կամ այն նախաձեռնությունը», - ասել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսնակը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ ընտրյալ նախագահին հրավեր է ուղարկվել Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պեսկովը լրագրողի հարցին կարճ պատասխանել է՝ «Ոչ», և հավելել, որ չի ցանկանում առաջարկությունների մասին խոսել, Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, և դա բարդ գործընթաց է։ Բացի այդ, Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Աստանայում կայանալիք հանդիպումը ժնևյան գործընթացի հավելյալ մասն է:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին այդ հավաքին հրավիրելու մասին պայմանավորվել են Մոսկվայի հետ։ Պեսկովը, սակայն, սա հրաժարվել է մեկնաբանել։

Դոնալդ Թրամփը բրիտանական The Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է միջուկային սպառազինության կրճատման մասին պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ «Մենք ունենք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, տեսնենք՝ կկարողանա՞նք մի քանի լավ պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, օրինակ՝ միջուկային սպառազինության կրճատման հարցում», - մասնավորապես ասել է Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը։

Պուտինի խոսնակը այսօր նաև հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ այս թեմայով բանակցություններ ներկայումս չի վարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG