Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իմ օրոք Ռուսաստանն ավելի շատ կհարգի Ամերիկան»


ԱՄՆ ընտրյալ նախագահն առաջին ասուլիսն է տալիս Նյու Յորքում, 11-ը հունվարի, 2017թ․

Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձան Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առաջին ասուլիսի գլխավոր թեման:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը «անհեթեթ, ստահոդ ու կեղծ» որակեց պնդումները, թե Ռուսաստանը իր մասին վարկաբեկող տեսանյութեր ունի` շանտաժի ենթարկելու համար: Նախագահական ընտրություններից հետո իր առաջին ասուլիսում Թրամփը պնդեց` նման տեղեկությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն և տարածվում են «ոչ պրոֆեսիոնալ մամուլի ու հիվանդ մարդկանց կողմից»:

«Ես կարդացել եմ՝ ինչ է գրված այդ զեկույցում, և կարող եմ ասել, որ դա խայտառակություն է», - ասաց Դոնալդ Թրամփը, մեղադրանքների սլաքն ուղղելով իր հակառակորդների կողմը՝ առանց անուններ տալու: «Այն, ինչ գրված է, երբեք տեղի չի ունեցել», - հավաստիացրեց նա:

Ինն օրից պաշտոնը ստանձնող ԱՄՆ 45-րդ նախագահը չորեքշաբթի օրը առաջին անգամ հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանը հաքերային հարձակումներ է իրականացրել Միացյալ Նահանգների դեմ, միաժամանակ ընդգծելով` այլ երկրներից էլ են եղել հարձակումներ: Թրամփը նաև կրկնեց ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունը, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահն անձամբ է հրահանգել հաքերներին կոտրել ամերիկյան կուսակցությունների համակարգչային ցանցերն ու գողանալ էլեկտրոնային նամակները:

«Պուտինը չպետք է այդպիսի բան աներ: Նա այլևս նման բան չի անի: Ռուսաստանը շատ ավելի հարգալից կվերաբերվի Ամերիկային, երբ ես գամ իշխանության», - հայտարարեց Դոնալդ Թրամփը:

Ավելի ուշ նույն ասուլիսի ընթացքում նորընտիր նախագահը պնդեց, թե մրցակից Դեմոկրատական կուսակցությունը «համարժեք չի պաշտպանվել» կիբերհարձակումներից, ի տարբերություն իրենց` հանրապետականների:

«Տեսեք` ինչեր իմացանք մենք այդ հարձակումների արդյունքում...Պարզվեց` Հիլարի Քլինթոնը բանավեճի հարցերը ստացել է նախապես, պատկերացնո՞ւմ եք` եթե ինձ հետ նման բան լիներ...»:

Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձան մոտ մեկ ժամանոց ասուլիսի գլխավոր թեման: «Սարսափելի» որակելով դրանք՝ ԱՄՆ նորընտիր նախագահը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր բարելավել հարաբերությունները Պուտինի հետ, այսօր չբացառեց` դա իրեն կարող է և չհաջողվել:

«Հուսով եմ` կկարողանամ: Սակայն, մեծ է հավանականությունը, որ չկարողանամ: Եվ եթե չբարելավեմ, անկեղծորեն, ի՞նչ եք կարծում` արդյո՞ք Հիլարին ինձնից ավելի կոշտ էր վերաբերվելու Պուտինին: Կա՞ արդյոք այս սենյակում մեկը, որ հավատում է դրան», - հարցրեց ԱՄՆ ընտրյալ նախագահը, ընդգծելով՝ «եթե Դոնալդ Թրամփը դուր է գալիս Պուտինին, դա ոչ թե վնաս է, այլ` օգուտ, քանի որ ռուս - ամերիկյան հարաբերությունները սարսափելի վատ վիճակում են հիմա»:

Թրամփը կրկնեց` Ամերիկան կարող է համագործակցել Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, միաժամանակ հիշեցրեց, թե ինչպես էր Օբամայի վարչակազմը փորձում վերաբեռնել հարաբերությունները Կրեմլի հետ: «Այժմ նման` «վերաբեռնման» կոճակ չի լինելու, մենք կամ լեզու կգտնենք, կամ`ոչ», - հայտարարեց նա:

Միլիարդատեր նախագահը նաև պնդեց, թե Ռուսաստանի առջև որևէ պարտավորություն, գաղտնի գործարք կամ վարկ չունի, ինչպես նաև շահերի բախման մեջ չէ որևէ այլ երկրի ղեկավարի հետ:

Երդմնակալությունից օրեր առաջ Թրամփն ընդգծեց` չի հրաժարվելու Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ծրագրից. - «Շինարարությունը կսկսվի առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում, Մեքսիկան էլ մի օր կփոխհատուցի ծախսերը», - հայտարարեց ընտրյալ նախագահը:

Տարիներ շարունակ անշարժ գույքի բիզնեսով զբաղված գործարարը տեղեկացրեց` այսուհետ բիզնեսի կառավարումը հանձնելու է երկու որդիներին, էթիկայի հարցերով խորհրդականն էլ կհետևի, որ շահերի բախում տեղի չունենա: Բիզնեսից կհրաժարվի նաև դուստրը՝ Իվանկան, ում ամուսինը՝ Ջարեդ Քուշները Սպիտակ տանը զբաղեցնելու է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը:

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը նշեց` հարկային իր հաշվետվությունները չի հրապարակելու, քանի որ «դրանք միայն լրագրողներին են հետաքրքիր, ոչ թե Ամերիկայի ժողովրդին»:

Ասուլիսին ներկա Թրամփի իրավաբանն էլ հայտարարեց` շահերի հնարավոր բախումից խուսափելու համար նորընտիր նախագահը որոշել է կամավոր ԱՄՆ պետբյուջե վճարել բոլոր այն միջոցները, որ Թրամփ հյուրանոցները կստանան օտար պետությունների կառավարություններից ու պաշտոնյաներից:

Մամուլի հաղորդումների համաձայն, Դոնալդ Թրամփը բաժնետոմսեր ունի մոտ 20 երկրների 500 ընկերություններում:

XS
SM
MD
LG