Մատչելիության հղումներ

Քննչական մարմինն ու դատախազությունը լռության են մատնել Ներսես Պողոսյանի պահանջը


Ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը որևէ կերպ չեն արձագանքել արդեն 26 օր հացադուլ անող Ներսես Պողոսյանի պահանջին՝ փոխել ընտրված խափանման միջոցն ու իրեն ազատ արձակել:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ ստեղծված վիճակում, երբ ամեն ժամն է ի վնաս Ներսես Պողոսյանի առողջությանը, անհեթեթ է սպասել, թե արդյոք վճռաբեկ դատարանը կընդունի իրենց դիմումը․ - «Վճռաբեկ դատարանը լավագույն դեպքում մեկ ամսվա մեջ եթե քննարկի, ևս մեկ ամիս անձը մնա հացադուլի պայմաններում, կարծում եմ, որ շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Իրավական ամենադյուրին կամ ամենակարճ ճանապարհը, բնականաբար, հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելն է՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ որևէ այլ կերպ»:

Փաստաբանը համոզված է, որ բացի այն, որ կալանքն ապօրինի է, իրավապահները նաև մարդասիրություն չեն ցուցաբերում․ 37-ամյա Ներսեսի խնամքին երեք անչափահաս զավակներն ու վատառողջ մայրն են․ - «Ընտանիքը գոյատևում է Ներսես Պողոսյանի կալանավորումից հետո ընտանեկան նպաստով: Երեք փոքրահասակ երեխաների հնարավոր չէ ներկայումս ապահովել որևէ կերպ»:

Երեք երեխաների հոգսն այժմ Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիայի ուսերին է․ - «Ոչ թե դժվար է, այլ արդեն անհնարին է: Եթե առաջին ամիսներին ինչ-որ հույս ունեինք՝ իմանալով, որ ինքը անմեղ է, նախաքննությունը գոնե կավարտվի ու ինչ-որ լուծում կստանա իր ազատ արձակվելը, հիմա արդեն անհնարին է դարձել այս հոգեկան բեռի հետ մեկտեղ, երեխաներին էլ․․․ Ուղղակի անհնար է»:

Կնոջ փոխանցմամբ, Ներսեսի մտադրությունը բողոքի ծայրահեղ այս միջոցն ավելի կոշտացնել՝ անցնելով նաև ջրադուլի, դատախազության և քննչական մարմնի անտարբերության պատճառով են․ - «Բողոքի ակցիային ոչ մի պատկան մարմին չարձագանքեց, բացի Արդարադատության նախարարության մերկապարանոց հայտարարությունից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որոնք ուղղակի այցելել էին նրան: Պահանջները․․․ ոչ մի արձագանք չկա»:

Արձագանքելով փաստաբանի դիմումին՝ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր․ «Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:

Ներսես Պողոսյանն ավելի քան յոթ ամիս ճաղերի հետևում է Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը: Նա Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ, պնդում է, որ անձամբ չի էլ ճանաչում ընդդիմադիր գործչին: Փոխարենը ակտիվ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերին:

«Միտք են ունեցել խումբ ստեղծել: Ստեղծել․ այդպես եմ ասում, որովհետև բազմաթիվ բացեր կան այդ քրեական գործում, զգացվում է, որ սարքած գործ է: Իրեն էլ, որպես աչքի ընկնող, երևի ներառել են», - ասաց Ներսեսի կինը:

«Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է այնքանով, որքանով հանրության շատ անդամներ մամուլից, հեռուստատեսությունից, համացանցից կամ որևէ հանրահավաքից: Այսինքն երբևէ իրենք շփումներ կամ առնչություն չեն ունեցել: Պատկան մարմինները, կարծեք թե, ավելի շատ գտնվում են քաղաքական ճնշումների տակ, քան [միտված են] իրավական հարթությունում խնդիրը լուծելու, և Ներսես Պողոսյանը դարձել է այդ քաղաքականության զոհը», - հավելեց փաստաբանը:

Ներսես Պողոսյանին փաստաբանը տեսակցել է երեկ․ հանդիպումն ընդամենը մի քանի րոպե է տևել․ - «Շատ հյուծված էր, գունատված: Նույնիսկ այնքան վատ էր իր վիճակը, որ մենք երկար չկարողացանք զրուցել, որովհետև զգում էի, որ ինքը հանգստանալու կարիք ունի: Չնայած չգիտեմ, թե նման պայմաններում ինչ է նշանակում հանգստանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG