Մատչելիության հղումներ

Բանտում հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպանները անբովանդակ են որակում ԱՆ հայտարարությունը


Փաստաբան Նինա Կարապետյանցը (աջից) զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը հունվարի, 2017թ․

Փաստաբան Նինա Կարապետյանցը (աջից) զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը հունվարի, 2017թ․

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված ու արդեն 23-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպաններն անբովանդակ են որակում արդարադատության նախարարության հայտարարությունը, որում գերատեսչությունը հորդորում է վերջիններիս չխեղաթյուրել ներկայացված փաստերը։ Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ խեղաթյուրված փաստեր չկան, այդ ինքը՝ նախարարն էր անծանոթ այս դեպքին և թե ինչպես է դատական համակարգն անօրինական երկարացնում հացադուլավորի կալանքի ժամկետը։

«Ես կարծում եմ՝ նախարարությունում էդ նամակները չեն էլ կարդում, կամ, չգիտեմ, մատների արանքով են նայում, իրանք երևի ավելի լուրջ գործեր ունեն անելու, քան արդարադատություն իրականացնելը կոնկրետ դեպքով կոնկրետ անձի վերաբերյալ: Ներսեսը գրել էր կալանքի երկարացման հետ [կապված], ինքը խոսել էր մեղադրանքի հետ համաձայն չլինելու հետ [կապված], մենք խոսել էինք կալանքը ապօրինի երկարացնելու հետ կապված, էնտեղ ներկայացվել են լրիվ այլ փաստեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շարունակելով․ - «Գիտե՞ք, իրանք փոխում են՝ իրանց պրիզմայով են նայում էդ ամեն ինչին, չեն փորձում օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը․ ես կարծում եմ՝ խնդիրը հենց դրանում էր»:

Ներսես Պողոսյանը, որը Քրեական օրենսգրքով մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, դեռ տարեվերջին դիմել էր նախարարությանը։ Նա իր բողոքն էր հայտնել քննչական մարմնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` նախարար Արփինե Հովհաննիսյանից ակնկալելով միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ։ Դրան ի պատասխան եկած գրության բովանդակության հիման վրա էլ պաշտպանները կազմել են իրենց հունվարի 4-ի հայտարարությունը։ Ըստ Կարապետյանցի, նախարարությունը ոչ թե պատասխանել է Ներսեսի դիմումին, այլ միայն ամրագրել է իր թվացյալ գործունակությունը։ Փաստաբանը հատկապես «անզուգական» է որակում նախարարության հայտարարության հատկապես ամփոփիչ հատվածը, որում ասվում է․ - «Հացադուլ հայտարարելու օրվանից Ձեզ հետ տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլը դադարեցնելու և Ձեր կողմից ներկայացված հարցերը օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»:

«Էստեղ գրած է՝ այլ օրինական ճանապարհներով, ի՞նչ է նշանակում՝ հացադուլը անօրինակա՞ն ճանապարհ է: Բնականաբար՝ ոչ, դա քաղաքացու իրավունքն է՝ ընտրել ցանկացած տարբերակ իրա բողոքը արտահայտելու համար», - ընդգծեց փաստաբանը, «Ազատության» հարցին էլ՝ իսկ կա՞, իր կարծիքով, այլ օրինական ճանապարհ, արձագանքելով․ - «Ես կարծում եմ՝ Հայաստանում չկա»:

Պաշտպանների հայտարարությանն ի պատասխան, չնայած այս օրերն աշխատանքային չեն, նախարարությունը երեկ հրապարակեց սեփական հայտարարությունը։ Այնտեղ ասվում է, որ Պողոսյանի պահանջը դուրս է արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին:

Այն, որ նախարարությունը դատարանների վրա ազդելու լծակներ չունի, Հովհաննիսյանը նշել էր նաև տարեվերջին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ և դա հետգրությամբ շեշտել նաև երեկվա տեքստում։

«Որևէ նշանակություն չունի տվյալ դեպքում, թե ինչի համար կամ ում հետ համագործակցության արդյունքում․․․ Խնդիրը այն է, որ իմ իրավասությանն առնչվող հատվածը՝ որ հացադուլի մեջ է և որոշակի խնդիրներ ու բողոքներ ունի, դրան կանդրադառնանք: Քրեական գործի հետ կապված՝ դրա հասցեատերը ես չեմ», - տարեվերջին ասել էր արդարադատության նախարարը:

Նույն ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը խոստովանել էր, որ ծանոթ չէ դեպքին և այս առիթը օգտագործելով անմիջապես կհանձնարարի իր աշխատակիցներին պարզել, թե որո՞նք են խնդիրները, նաև՝ պահման պայմանների հետ կապված։

Այնինչ պաշտպան Կարապետյանցը վստահ է՝ Արփինե Հովհաննիսյանը չի էլ ուսումնասիրել գործը, միայն նշել է այն, ինչ իրենք էլ լավ գիտեն՝ որ կալանավորը պայմաններից չի դժգոհում։ Պաշտպանները պնդում են՝ այստեղ ամեն ինչ աչքաթող է արվում, քանի որ գործը քաղաքական պատվերի հարթությունում է։

«Բնականաբար, ինքը [նախարարը] չէր կարող փոխել որոշումը՝ դատարանի որոշումը, դա որևէ մեկը չի կարող փոխել՝ բացի վերադաս ատյաններից: Բայց գոնե արձագանքել ու հասկանալ, գոնե ներքուստ ինքն իրա համար հասկանալ, որ արդարադատության համակարգում տեղի է ունեցել բացառիկ ապօրինություն, նմուշ լիներ, որ մարդը հասկացել է, որ կա խնդիր: Բացարձակ անտարբերություն և նույնիսկ արհամարհանք, էլի, ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է նշանակում՝ խեղաթյուրում եք ինֆորմացիան կամ տեղեկատվությունը կամ, չգիտեմ, փորձում եք ինչ-որ բաներ շահարկել, որ էսքան ժամանակ մենք որևէ բան չենք փորձել շահարկել», - ասաց Նինա Կարապետյանցը:

Կարապետյանցն ասում է, որ հացադուլավորի առողջական վիճակն օր օրի վատթարանում է։ Սրանում համոզվել են հունվարի 3-ին՝ «Նուբարաշեն» այցից հետո։ Փաստաբանի խոսքով, այժմ սպասում են Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ այն կրկին բողոքարկելու համար։ Վերջին կանգառն արդեն կլինի Եվրոպական դատարանում․ նրանք վստահ են՝ երկրի ներսում արդար որոշում կայացնելու հույսը մարել է։

XS
SM
MD
LG