Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով կալանված Ներսես Պողոսյանը սպառնում է հացադուլից անցնել ջրադուլի


Ներսես Պողոսյանն ընտանիքի հետ, նկարը՝ «Ֆեյսբուք»-ից
Ներսես Պողոսյանն ընտանիքի հետ, նկարը՝ «Ֆեյսբուք»-ից

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել իրեն:

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանն արդեն երկու շաբաթ է անժամկետ հացադուլ է հայտարարել։ Պահանջում է փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել իրեն, որպեսզի կարողանա հոգալ երեք անչափահաս երեխաների կարիքները։

Պողոսյանն ընտանիքի միակ կերակրողն է ու կալանավորումից հետո կնոջ և երեխաների միակ եկամուտը նպաստն էր։ Կինը՝ Լիա Պողոսյանն օրերս է միայն աշխատանք գտել, բայց, ասում է՝ «միևնույն է, չի կարողանում միայնակ հոգալ ընտանիքի հոգսերը»։ «Ստանում ենք «Փարոս» համակարգից, հիմա էլ ես փոքր աշխատանքի եմ անցել, բայց դա չի բավարարում, Ներսեսի տեղն անփոխարինելի է ամեն կողմից, թե՛ ֆինանսական, թե՛ որ ինքն իր երեխաների գլխին լինի»,- ասաց Լիա Պողոսյանը:

Երեկ նա բողոք-նամակ է հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ակնկալելով օմբուդսմենի միջամտությունը։ Պաշտպանի աշխատակիցներն այցելել են Նուբարաշենի բանտում պահվող Ներսես Պողոսյանին։ Օմբուդսմենի գրասենյակն այդ այցի մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդել։ «Ես իրեն ուղղակի կոչ կանեմ՝ դադարեցնել հացադուլը, քանի որ առաջին հերթին վնասում է իր առողջությունը։ Ուղղակի խնդրում եմ»,- շարունակեց Ներսես Պողոսյանի կինը:

Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի նախաքննությունն արդեն մեկ ամիս է ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Սեֆիլյանը մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու, պահելու և փոխադրելու, դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում և շարունակում է հայտարարել՝ իրեն ճաղերի հետևում են պահում քաղաքական հայացքների համար։ Ներսես Պողոսյանը ևս չի ընդունում մեղադրանքը։ Նա ևս մեղադրվում է Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից վերոնշյալ հանցանքները կատարելու մեջ։

Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու օր առաջ է այցելել իր պաշտպանյալին, ասում է՝ երկու շաբաթ շարունակ սնունդ չընդունած Պողոսյանը հյուծված էր: Եվ անգամ այդ վիճակում, ըստ Պապիկյանի, եթե իր պաշտպանյալի պահանջը չկատարվի, վերջինս նաև ջրադուլ կհայտարարի: Ներսես Պողոսյանը պնդում է, որ Սեֆիլյանի հետ անգամ ծանոթ չի եղել, Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարան»-ին չի անդամակցել, ընդդիմադիր գործչի դեմ էլ ցուցմունք չի տվել։

Արայիկ Պապիկյանի խոսքով, Ներսես Պողոսյանը մեղադրվում է բացառապես այս գործով անցնող երկու մեղադրյալների՝ Գալուստ Գրիգորյանի և Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքների հիման վրա։ «Նրանց հետ ծանոթացել է «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ, բայց մտերիմ չի եղել»,- պատմում է Պողոսյանի կինն ու հավելում՝ «Իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել որպես քաղաքացիական ակտիվիստ։ Ես չեմ կարող ասել, որ նա հարել է ինչ-որ կուսակցության կամ նախաձեռնության: Միշտ բոլոր ակցիաներին գնացել ա, երկու անգամ բերման ա ենթարկվել․․․»:

Ներսես Պողոսյանի բնակարանի խուզարկության ժամանակ զենք կամ որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։ Ըստ փաստաբանի, Ներսես Պողոսյանին կալանավորելուց հետո են նշված անձինք նրա դեմ ցուցմունք տվել։ Քրեական գործին ծանոթացած փաստաբանը նաև տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ գործը քննած Հատուկ քննչական ծառայության եզրահանգմամբ, Ներսես Պողոսյանը չի անդամակցել որևէ խմբի ու կամովին հրաժարվել է հանցանք գործել։ Դա, սակայն, չի խանգարել նախաքննական մարմնին՝ շարունակել նրան պահել մեղադրյալի կարգավիճակում։

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ներսես Պողոսյանը գտնվում է հացադուլավորների խցում, պարբերաբար բուժզննում է անցնում, առողջական վիճակն էլ «կայուն և բավարար» է: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց, թե կզբաղվի նրա հարցով։

Այսօր արդեն նախարարի խորհրդական Գոհար Պողոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախարարի հանձնարարությամբ երեկ «Ներսես Պողոսյանի հետ ընդունելություն է կազմակերպվել»: «Նրա բողոքը վերաբերել է քրեական գործին: Խցային պայմանների վերաբերյալ հարց չի բարձրացրել»,- ասաց Պողոսյանը: Մեղքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG