Մատչելիության հղումներ

Փաստաբան. Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է


Կարո Եղնուկյան, արխիվ
Կարո Եղնուկյան, արխիվ

Շուրջ երեք ամիս ճաղերի հետևում գտնվող և արդեն 13 օր հացադուլ անող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Այսօր արդեն 13-րդ օրն է հացադուլի, նրա վիճակը կտրուկ է վատացել, մոտ 9-ը կիլո նա նիհարել է, շատ հյուծված է, գրեթե հազիվ է խոսում, տեղաշարժվելուց շատ դանդաղ է տեղաշարժվում։ Նա 60 տարեկանի մոտ է, բացի դրանից նա միշտ դեղեր ու վիտամիններ էր խմում, հիմա դեղեր ու վիտամիններ նույնպես չի կարելի, բժիշկները թույլ չեն տվել, որովհետև ինքն նախաինսուլտային վիճակում էր և անընդհատ դեղեր էր խմում, հիմա դա էլ չի խմում և այդ ամեն ինչը վատ է անդրադարձել», - ասաց Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ Եղնուկյանի հետ հարցերի քննարկումը գրեթե անհնարին է դարձել։ «Երեկ երեկոյան եմ իր մոտ եղել, եթե մենք նախկինում մի բանը քննարկում էինք տասը րոպեում, հիմա գրեթե հնարավոր էլ չի քննարկել, որովհետև թույլ է, ճնշումը ցածր է, ձայնը շատ կամաց է։ Հարազատները խնդրում են, որ դադարեցնի, բժիշկները հորդորել են, որ չպետք է շարունակի, ես փոխանցել եմ այդ բոլոր հորդորները։ Նույնիսկ ծանրութեթև անելն է դժվար դարձել, որ ճիշտ որոշում կայացնի», - ասաց փաստաբանը։

Կարո Եղնուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ։ Հոկտեմբերի 6-ին դատարանը մերժեց նրան՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանը միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով շուրջ 1 միլիոն դոլար գրավ, ինչպես նաև երաշխավորագրեր պատգամավորներից, նախկին օմբուդսմեններից, մտավորականներից, առ այն, որ ազատության մեջ հայտնվելով չի թաքնվի նախաքննությունից, սակայն դատարանը մերժեց այն։ Եղնուկյանը, լսելով դատարանի որոշումը, ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG