Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել կալանավայրում:

Ավելի քան երկու ամիս անազատության մեջ պահվող ընդդիմադիր գործիչը բողոքի այս ծայրահեղ քայլին դիմեց՝ լսելով դատարանի որոշումը, որ ազատ չի արձակվի գրավի դիմաց:

Եղնուկյանը միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով շուրջ 1 միլիոն դոլար գրավ, ինչպես նաև երաշխավորագրեր պատգամավորներից, նախկին օմբուդսմեններից, մտավորականներից, առ այն, որ ազատության մեջ հայտնվելով չի թաքնվի նախաքննությունից։ «Քննիչը չմատնանշեց որևէ մեկ հանգամանք, և ասում է, որ Եղնուկյանը պետք է նախաքննությանը խոչընդոտեր՝ չեղած ապացույցները կեղծելով, և այդ ապացույցներն էլ ձեռք չեն բերվել։ Ոչ միայն քաղաքական, սա ծիծաղելի որոշում է, ակնհայտ անօրինական դատական ակտ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը փոխանցեց հացադուլ սկսելու՝ Եղնուկյանի փաստարկները՝ մեղադրանք ամբողջությամբ անհեթեթ է, բայց անգամ գրավ չի կիրառվում, թույլ չի տրվում տեսակցել Միացյալ Նահանգներից ժամանած տարեց մորը, հինգ զավակներին, երեքն, ի դեպ, ուսումը շարունակելու համար արտասահման են մեկնում՝ առանց հորը հրաժեշտ տալու։

«Գտնում է, որ իշխանություններն իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսևորում։ Կարող Եղնուկյանը, լինելով ԱՄՆ-ի քաղաքացի իրեն հնարավորություն չտրվեց, որպեսզի ԱՄՆ կառավարության կողմից երաշխավորագիր-նամակը և միջնորդությունը հասնի դատարան», - ասաց Հայրապետյանը։

Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ, ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Եղբայրը ասում է, իշխանությունները Կարոյից վրեժ են լուծում ընդդիմադիր հայացքների համար, ուստի նա ստիպված է հացադուլով շարունակել պայքարը։ «Իմ եղբայրը, որ ուժեղ անձնավորություն է, իրեն ուզում են անուժ դիրքի մեջ դնել, այնտեղ նստած քիչ բան կարա անի, սա իր բողոքի ու ինքնարժեքի ակցիան է», - ասաց եղբայրը։

Միաժամանակ Եղնուկյանը սպառում է ներպետական ատյանները՝ բողոքը Եվրոպական դատարան տանելու համար։ «Նման ակտեր կայացնող դատավորները շատ արագ պատասխանատվության կենթարկվեն, որովհետև նման ձևով չի կարելի իրավաբանության հետ վարվել կամ նման ձևով անձի ճակատագիրն առանց որևէ հիմնավորման անձին կալանավորել, կալանքի ժամկետը երկարացնել, միջնորդությունները մերժել», - ասաց փաստաբանը։

XS
SM
MD
LG