Մատչելիության հղումներ

Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում. նա վաղվանից հացադուլ է հայտարարում


Կարո Եղնուկյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ
Կարո Եղնուկյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ

Դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյան «Ազատության»-ը փոխանցեց, որ մերժումը հիմնավորող տեքստը դատարանը դեռևս չի հրապարակել։ «Դատարանը լղոզված տեքստ է հրապարակելու, ինչպես նման բոլոր դեպքերում։ Հիմնավորում չի էլ կարող լինել։ Նշված է լինելու, որ դատարանը գտավ գրավի կիրառումը այս պահին աննպատակահարմար, գրավը չի կարող ծառայել իր նպատակներին, այսինքն, պատշաճ վարքագիծ ապահովել Եղնուկյանի համար», - փոխանցեց փաստաբանը։

Հայրապետյանն ասաց, որ Եղնուկյանը վաղվանից անժամկետ հացադուլ է հայտարարում։ «Եղնուկյանը հացադուլի պատճառի հիմնական չորս կետ է նշում, առաջին, որ նման անհիմն մեղադրանքով իրեն մեղադրանք են առաջադրել, երկրորդ՝ գրավը մերժվեց, երրորդ կետով նա գտնում է, որ իշխանություններն իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսևորում՝ մինչև խոշտանգման հասնող մակարդակի, նա սա պարզաբանում է, որ հնարավորություն չընձեռվեց տեսակցել Հայաստանից մեկնող իր զավակաների ու ազգականներին հետ, և չորրորդ՝ Եղնուկյանն ասում է, որ ինքը լինելով ԱՄՆ քաղաքացի` իրեն հնարավորություն չտրվեց, որպեսզի ԱՄՆ կառավարության կողմից երաշխավորագիր-նամակը և միջնորդությունը հասնի դատարան։ Նիստը չհետաձգվեց, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանատնից համապատասխան երաշխավորագիրը հասնի դատարան», - ասաց Հայրապետյանը։

Փաստաբանի համոզմամբ՝ «այն, որ Եղնուկյանի նկատմամբ արդեն կալանքը երկարացվել էր, քաղաքական որոշում էր, և նման պայմաններում, երբ քննիչը չմատնանշեց որևէ մեկ հանգամանք, և ասում են, որ Եղնուկյանը պետք է նախաքննությանը խոչընդոտեր՝ չեղած ապացույցները կեղծելով, և այդ ապացույցներն էլ ձեռք չեն բերվել, սա ավելի քան ոչ միայն քաղաքական որոշում՝ սա ծիծաղելի որոշում է, և սա ակնհայտ ապօրինի դատական ակտ է»:

Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG