Մատչելիության հղումներ

logo-print

Բալայան. Կառավարությունը չի քննարկում Հալեպից հայերի տարհանման հարցը


Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի տարհանման հարց Հայաստանի կառավարությունը չի քննարկում, «Ազատության» հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ շարունակելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։

Հալեպահայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8-ից10 հազար։

Համացանցում շատ են քննադատությունները Հայաստանի իշխանությունների հասցեին, թե օգնություն ուղարկելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկվեն՝ պատերազմի գոտուց դուրս բերելու կյանքի ու մահվան շեմին ապրող հալեպահայերին։

Հալեպի Ազիզե թաղամասում ապրող Մայդա Բակալյանը պնդում է՝ Հայաստանի կառավարությունը վաղուց պետք է դուրս բերեր իրենց այստեղից։

«Եվրոպա մեր հայերին կտանեն տուն կտան, տեղ կտան, դրամ կտան, մեր հայը սա չի՞ կարող անել, մի քիչ հայ մնացեք, ով որ կարող էր, ստեղից դուրս եկավ, բայց մենք՝ մնացածներս, բոլորս էլ օրվա հաց ենք հազիվ կարողանում վաստակել, և հիմա դա էլ արդեն չկա», - ասաց Բակալյանը։

Ինչպես և նախորդ գիշերները, այս գիշեր ևս հալեպահայերը գրեթե աչք չեն փակել հրթիռների ձայներից։ Մայդան պատմում է, որ երեկ աչքի առաջ հրթիռից զոհվեց հարևանը։ «Հրթիռն ընկավ, Ալինի վրա առաստաղն ընկավ, մահացավ, ես էլ բալկոնում էի, Աստված մեր երեսը նայեց», - ասաց Մայդանը։

Սիրիայի խորհրդարանի հալեպայ պատգամավոր, Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը մինչդեռ հակադարձում է՝ տարհանման կարիք չկա, ովքեր կամենում են դուրս գալ Հալեպից, կարող են դա անել։

«Որևէ երկրում, որտեղ պատերազմ է լինում, արդյո՞ք ժողովուրդը ձգտում է այլ երկիր տեղափոխվել։ Եվրոպայում երկու համաշխարհային պատերազմի ժամանակ, ժողովուրդն այլ երկիր տեղափոխվե՞ց, ի վերջո, երբ երկիրը պատերազմի մեջ է, մարդիկ իրենց տուն, տեղ, գործ, աշխատանք, ամեն ինչ ունեն՝ իրենց ակունքները, եկեղեցին, դպրոցը, այս ամենը թողած ուրիշ երկիր կգնա՞ն», - ասաց Ռեիսյանը։

Հալեպում տպագրվող Գանձասար թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ հրթիռակոծությունների պատճառով հայկական կրթօջախներն այսօր փակ են։ Նա նշեց, որ վերջին օրերին Հալեպում վիճակն ավելի վատ է, քան անցած ամիսներին էր՝ քաղաքում ոչ ջուր կա, ոչ՝ էլեկտրամատակարարում, փողոցներում հատուկենտ մարդիկ են երևում։

«Գանձասար»-ի խմբագրի փոխանցմամբ, հրթիռակոծությունները շարունակվում են, երեկ ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի Ազիզե, Մունշիե, Թելեֆոն, Հաուաի և Հանրային պարտեզի շրջանը:

Պողիկյանի փոխանցմամբ, սիրիական բանակը օրերս գրավել է Հալեպի արևելյան շրջանի հյուսիսային հատվածը։

Սիրիական պատերազմում անցած չորս տարիների ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 120 մարդ է մահացել, շուրջ 30 հայազգի զինվորական էլ մահացել է սիրիական բանակի կազմում կռվելով: Հալեպից հեռացել է շուրջ 60 հազար հայ՝ պատերազմի մեջ դեռևս ապրում են տարբեր հաշվարկներով 8 հազարից 10 հազար հայ։

XS
SM
MD
LG