Մատչելիության հղումներ

«Կյանքը Հալեպում դժոխքի է վերածվել»


Սիսիայի բանակի զինծառայողները Հալեպի ավերված հիվանդանոցի մոտ, 2 հոկտեմբերի, 2016թ.

Սիսիայի բանակի զինծառայողները Հալեպի ավերված հիվանդանոցի մոտ, 2 հոկտեմբերի, 2016թ.

Ասադը վերջնագիր է ներկայացրել ընդդիմությանը:

Սիրիայի բանակի և ռուսական օդուժի մարտական ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել Հալեպում ընդդիմության հսկողության տակ գտնվող թաղամասերին, որտեղ բնակվում է մոտ 250 հազար մարդ:

Բաշար ալ-Ասադի բանակն ընդդիմադիրներն ներկայացրել է վերջնագիր՝ պահանջելով անհապաղ հանձնել զենքը և լքել Հալեպը: Ըստ ասադականների և ռուսների, քաղաքից հեռացող անզեն ընդդիմադիրների անվտանգությունը կերաշխավորվի և նրանք օգնություն կստանան:

Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Սթիվեն Օ՝Բրայենը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել և վերջ տալ Հալեպի օդային գրոհներին: Նրա փոխանցմամբ, «կյանքը Հալեպում դժոխքի է վերածվել, բնակիչները չունեն սնունդ, ջուր, հոսանք, դեղորայք»:

Օ՝Բրայենն ասել է, թե Հալեպի թաղամասերը ենթարկվում են անմարդկային բարբարոսական ռմբահարումների:

«Առողջապահության համակարգ Հալեպի արևելքում այլևս չի մնացել, բժշկական կենտրոնները մեկը մյուսի հետևից ոչնչացվում են»,- ասել է Օ՝Բրայենը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Բորիս Ջոնսոնը երեկ ուղղակի և շատ խիստ դատապարտել է Ասադի և ռուսների գործողությունները:

«Բանակցությունների վերսկսումը խոչընդոտում են Ասադի ռեժիմի վայրենությունը և ռուսների գրոհները, որոնք կարող ենք համարել «պատերազմի հանցագործություն», քանի որ նրանք հարվածում են հիվանդանոցների և գիտեն, որ դրանք ընդամենը հիվանդանոցներ են»,- ասել է Ջոնսոնը:

Նրա խոսքերով, հենց այդ մղձավանջի արդյունքում է սրվում միգրացիոն ճգնաժամը, դրա հետևանքով են անցյալ տարի փախստականները լցվել Եվրոպա ու ստեղծվել է մի վիճակ, որը շատ դժվար է կարգավորել:

«Եվ երբ Մերձավոր Արևելքում ժայթքում է «Իսլամական պետության» արյունալի ծայրահեղականությունը՝ մենք անխուսափելիորեն դրա արձագանքները տեսնում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և մեր երկրի քաղաքներում», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունը վերջին օրերի օդային դաժան հարձակումների ֆոնին հայտնվել է տապալման եզրին, կամ, ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է որակում՝ «կախված վիճակում»: Նրա համոզմամբ, ԱՄՆ-ը պետք է Սիրիային վերաբերող հայտարարություններում հստակություն մտցնի:

«Մենք կցանկանայինք ազատագրվել ցանկացած երկիմաստությունից, առավել ևս որ դա ուղղակիորեն առնչվում է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, որոնք այս պահին, կարելի է ասել՝ կախված վիճակում են»,- ասել է Լավրովը:

Այսօր Ժնևում Հալեպի ողբերգության մասին է խոսել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

«Անհրաժեշտ է տարհանել մարդկանց, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ռմբահարումներ չլինեն: Մենք վրդովված ենք, մենք ունենք մեկ պահանջ՝ անհապաղ դադարեցնել սպանդը, այն, ինչ տեղի է ունենում՝ հակասում է ցանկացած, ընդգծում եմ՝ ցանկացած օրենքի»,- ասել է բանագնացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG