Մատչելիության հղումներ

Կարեն Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարին հրավիրում է Ղարաբաղ


ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյան
ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյան

Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված այս տարվա սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանին գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո»։

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որևէ հարցում չեն ստացել, Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան երկու տասնամյակ և նույնիսկ 2016-ի ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո չի կարողանում այցելել ԼՂ։

«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը և ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում ևս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը», - նշվում է նամակում։

Հավաստիացնելով, որ ԼՂ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի արտգործնախարարը հրավիրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ, կամ ուղարկել թիմ՝ անաչառ և օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին։

XS
SM
MD
LG