Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատում է Հայաստանի իշխանություններին


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեին, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեին, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ կառույցի հետ լիարժեք չհամագործակցելու համար: «Միջազգային փորձագետները մինչ այժմ չեն կարողանում մտնել Լեռնային Ղարաբաղ», - հայտարարել է գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը Ժնևում՝ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 33-րդ նիստում:

«Ես ցավում եմ, որ Հայաստանը մինչ այժմ լիովին չի համագործակցում Թբիլիսիում գտնվող մեր ներկայացուցչության հետ, որը աջակցում է Հարավային Կովկասի երկրներին: Այդ իսկ պատճառով մենք անկարող ենք համագործակցել և լիարժեք կապ պահպանել Հայաստանի կառավարության, պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ», - ասել է նա:

Ամփոփելով մարդու իրավունքների վիճակը աշխարհում՝ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան հատուկ անդրադարձել է «սառեցված հակամարտություններին», փաստելով՝ չճանաչված կամ վիճահարույց այս տարածքներում միլիոնավոր մարդիկ են ապրում խորը անորոշության մեջ:

«Իմ գրասենյակը մինչ օրս, այդ թվում՝ապրիլյան իրադարձություններից հետո, չի կարողանում մտնել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ իսկ պատճառով, իրարամերժ պնդումները՝ մարդու իրավունքների խախտումների մասին, չեն կարող ստուգվել, հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների դրությունն էլ մարդու իրավունքների տեսանկյունից վերջին տասնամյակներում արժանի քննության չի ենթարկվել ոչ իմ գրասենյակի, ոչ էլ միջազգային հանրության կողմից», - հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը:

Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը խորը մտահոգություն է հայտնել նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղրիմի վերաբերյալ, ընդգծելով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը շարունակում է հաղորդումներ ստանալ բռնությունների, կամայական ձերբակալությունների ու կտտանքների մասին, սակայն տեղական իշխանությունները, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բազմաթիվ դիմումներին, մերժում են միջազգային իրավապաշտպանների մուտքն ապահովել:

Արդեն երկու տարի այս պաշտոնը զբաղեցնող Զեիդ Ռաադ ալ-Հուսեինն ընդգծել է՝ միջազգային դիտորդների առջև դռները փակելով կառավարությունները միայն խորացնում են առկա կասկածները: «Հարց է ծագում է՝ ի՞նչ են նրանք փորձում իրականում մեզնից թաքցնել», - հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը՝ կառույցի անդամ բոլոր երկրներին կոչ անելով լիարժեք համագործակցել իրենց հետ:

XS
SM
MD
LG