Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաբայան․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի քննադատությունը ուղղված է Ադրբեջանի իշխանություններին


Դավիթ Բաբայան, արխիվ:

Դավիթ Բաբայան, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց, որ ԼՂ իշխանությունները երբևէ որևէ խնդիր չեն հարուցել միջազգային փորձագետների այցելության համար, ուստի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի քննադատությունը, թե իրենք չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ, Ադրբեջանի իշխանություններին է ուղղված:

«Ադրբեջանը մի քանի ճամփաներ ունի բոլիվուդյան կամ հոլիվուդյան տիպի, որտեղ կան այդ փախստականներ կոչեցյալները, և որոնք ամեն անգամ շոուի պես այնտեղ տարբեր մարդկանց են տանում՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Փաստորեն նման հայտարարությամբ ՄԱԿ-ի այս բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանին ասում է, որ նման շոուն չի կարող ցույց տալ իրական պատկերը»:

Օրերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստում գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտարարել էր, որ սահմանափակված է իր գրասենյակի մուտքը Լեռնային Ղարաբաղ․ - ««Իմ գրասենյակը մինչև օրս, այդ թվում՝ ապրիլյան իրադարձություններից հետո, չի կարողանում մտնել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ իսկ պատճառով, իրարամերժ պնդումները մարդու իրավունքների խախտումների մասին, չեն կարող ստուգվել: Հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների դրությունն էլ մարդու իրավունքների տեսանկյունից վերջին տասնամյակներում արժանի քննության չի ենթարկվել ո՛չ իմ գրասենյակի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ՄԱԿ-ի պաշտոնյայի զեկույցը՝ ասաց, որ Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն իր ափսոսանքն է հայտնել, որ մինչև այժմ տեղի չի ունեցել գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ վերահաստատելով, որ Հայաստանը լիովին պատրաստակամ է աջակցելու այցին:

«Դրա իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, և ակնհայտ է, թե որն կողմն է առայսօր խոչընդոտում այդ գործընթացին», - ասաց Բալայանը:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ 2004-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք խմբի կազմում Ղարաբաղ են այցելել նաև ՄԱԿ-ի փորձագետները․ - «Որևէ խոչընդոտ չկա, չի էլ կարող լինել: Մենք նաև այստեղ դիտարկում ենք փաստորեն ՄԱԿ-ի կողմից հայտ, որ հետագայում մեզ հետ համագործակցի: Ինչը շատ ողջունելի է: Մենք պատրաստ ենք, ազատ երկիր ենք, և որևէ խոչընդոտ չի էլ կարող լինել»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն իր զեկույցում նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ կառույցի հետ լիարժեքորեն չհամագործակցելու համար․ - «Ես ցավում եմ, որ Հայաստանը մինչև այժմ լիովին չի համագործակցում Թբիլիսիում գտնվող մեր ներկայացուցչության հետ, որը աջակցում է Հարավային Կովկասի երկրներին: Այդ իսկ պատճառով մենք անկարող ենք համագործակցել և լիարժեք կապ պահպանել Հայաստանի կառավարության, պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղարն այս քննադատությունը չմեկնաբանեց՝ ասելով, որ դրան կարձագանքեն ավելի ուշ:

Իսկ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի ընդունում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի քննադատությունը․ - «Ես համաձայն չեմ: Որովհետև դա այդպես չէ պարզապես: Նրանք գրել են, որ երևի լրիվ մակարդակով: Միգուցե իրենք սպասում են ավելի՞ն»:

XS
SM
MD
LG