Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան․ Ծառուկյանի հետ քննարկում ենք երկրի վիճակը


Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում, արխիվ:

Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում, արխիվ:

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կուսակցության անունից կոչով դիմեց Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու խնդրանքով:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկում են նաև քաղաքական հարցեր, Զոհրաբյանը պատասխանեց․ - «Բնականաբար: Հնարավոր չի չքննարկել, որովհետև Ծառուկյանը երկրի վիճակով մտահոգ անձնավորություն է, և դուք տեսնում եք, որ Ծառուկյանի հիմնադրամը շարունակում է սպորտի ոլորտում, գիտության ոլորտում, կրթության ոլորտում, նաև սփյուռքում լրջագույն ներդրումներ կատարել: Իհարկե, քննարկում ենք երկրի իրավիճակը, բայց ես էլի եմ կրկնում՝ եթե Ծաոուկյանը իր որոշումը կայացնի վերադառնալ քաղաքականություն, դա կլինի բաց, դա կլինի հրապարակային»:

Ակտիվ քաղաքականությունը թողնելու մասին իր որոշումը Գագիկ Ծառուկյանը հրապարակեց մեկուկես տարի առաջ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ սուր հակասություններից հետո:

2015 թվականի փետրվարին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց իր երբեմնի կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ այն ժամանակվա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան անվանելով «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ»:

Հաջորդ օրը պատասխան ելույթով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը ամբողջական իշխանափոխությունն է և կոչ արեց հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը:

Պաշտոնանկաություն չեղավ, փոխարենը օրեր անց հանդիպեցին նախագահ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, և այդ հանդիպումից մոտ երեք շաբաթ անց Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունն ու իր հիմնադրած կուսակցությունը թողնելու մասին:

«Կա անհրաժեշտություն Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու», - այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը: - «Իսկ առավել մեծ հավաքների ժամանակ ուղղակի հավաքները մի ինչ-որ պահի վերածվում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի ուղղակի կոչերի և պահանջի: Էնպես որ, դա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերների, մեր կուսակիցների, մեր տարածքային կազմակերպությունների իսկապես ցանկությունն է և պահանջն է, այլ դա նաև, երևի թե դուք ինքներդ էլ տեսել եք թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում մեր հանդիպումները, մեր հավաքները․․․ դա հանրության պահանջն է: Եվ ես կարծում եմ, որ հանրության այդ պահանջի հետ անպայմանորեն պիտի հաշվի նստել»:

Ըստ Զոհրաբյանի, ԲՀԿ բազմաթիվ տարածքային կառույցներ անգամ որոշումներ են կայացրել՝ դիմել Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու խնդրանքով․ - «Դա մեր կուսակցության պահանջն է՝ բոլոր կառույցների անունից դիմել պարոն Ծառուկյանին և խնդրել, որ նա վերադառնա քաղաքականություն: Եվ ես, բնականաբար, որպես կուսակցության ղեկավար, չեմ կարող ականջալուր չլինել մեր տարածքային կառույցների, ես չեմ ասում տեսակետին, ես չեմ ասում առաջարկին, ես ասում եմ՝ ուղղակի պահանջին»:

Հարցին, թե երբ դա տեղի կունենա, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Հենց էս մեր զրույցը, ըստ էության, դիմում է քաղաքականություն վերադառնալու»:

Զոհրաբյանը կտրականապես հերքեց, թե Գագիկ Ծառուկյանը շարունակում է ֆինանսավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հիշեցմանը, որ Ծառուկյանը կուսակցությունից ու ակտիվ քաղաքական գործունեությունից հեռացավ նախագահ Սարգսյանի սուր քննադատությունից հետո, և հարցին, թե արդյոք մտահոգություն չունեն, որ իշխող Հանրապետականը դեմ կլինի Ծառուկյանի վերադարձին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ - «Քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Եվ քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելու է բացառապես Գագիկ Ծառուկյանը»:

Այսօր դիմեցինք նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանին՝ պարզելու, թե ինչ է մտածում ԲՀԿ նախկին առաջնորդը ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

«Այս պահի դրությամբ ես քաղաքականություն վերադառնալու թեմայի հետ կապված ունեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ նախկինում արած այն հայտարարությունը, երբ նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Այս պահի դրությամբ ես որևէ նոր հայտարարություն քաղաքականություն վերադառնալու ցանկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանից չեմ լսել և համապատասխանաբար նաև չեմ կարող այդ մասով որևէ բան հաղորդել: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե նա կվերադառնա թե ոչ, դա այն հարցն է, կարծում եմ՝ շատ կարևոր, որ եթե Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար գտնի այդ հարցին անդրադառնալ, ապա դա կանի անձամբ և ոչ թե միջնորդավորված», - ասաց Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG