Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը կոչ է անում հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ, փետրվար, 2015թ․

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ, փետրվար, 2015թ․

ԲՀԿ-ի առաջնորդը համոզված է, որ երեկվանից ստեղծված վիճակի միակ հանգուցալուծումը ամբողջական իշխանափոխությունն է:

Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում, և միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր իր գլխավորած կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ:

Խոսքն ուղղելով ժողովրդին՝ Ծառուկյանը ասել է․ - «Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։ Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր»:

«Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», - հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդը՝ շարունակելով․- «Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»:

«Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում», - ասել է Ծառուկյանը:

Նիստի ժամանակ, որին ներկա էին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները, կուսակցության առաջնորդը տեղեկացրել է, որ այսօր հանդիպելու է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը», - նշել է նա:

Ծառուկյանը փոխանցել է նաև, որ երեկ ուշ երեկոյան իր մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: «Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին», - հայտարարել է նա:

Ելույթի սկզբում ԲՀԿ-ի առաջնորդը անդրադարձել է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի երեկվա նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին՝ դրանք որակելով «երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթ», ապա հատուկ ընդգծել, որ իր «խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին»։

«Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին, և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։ Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ», - հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով․ - «Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից»:

«Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել», - ասել է ԲՀԿ-ի նախագահը՝ վստահեցնելով, որ երեկվանից հետո իր մոտեցումը չի փոխվել․ - «Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։ Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը»։

«Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին: Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն», - ընդգծել է Ծառուկյանը՝ թվարկելով․- «Ոչ մի խոսք այն մասին՝ 1.​ թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, 2.​ թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, 3.​ թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, 4.​ թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, 5.​ թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, 6.​ թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, 7.​ թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին, 8.​ թե ինչու է ԵԽԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, 9.​ թե ինչու «Նաիրիտ» գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ 1700 մարդ հայտնվել է փողոցում»:

«Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։ Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում», - շարունակել է ԲՀԿ-ի առաջնորդը:

Պատասխանելով այն հարցադրումներին, որոնք անձնապես իրեն էին ուղղված, Ծառուկյանը փոխանցել է, որ արդեն վեց ամիս Ազգային անվտանգության խորհրդում փաստացի չի աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չի եկել «միայն իր [Սերժ Սարգսյանի] անձնական մարդկային խնդրանքով»․ - «Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում»:

«Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին: Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը», - հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդը:

«Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով: Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը Սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով», - ասել է Գագիկ Ծառուկյանը և շարունակել․ - «Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին»:

«Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ», - հայտարարել է ԲՀԿ-ի նախագահը:

Իր չվճարված հարկերի մասին ակնարկին Ծառուկյանը հակադարձել է․ - «Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները: Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից: Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։ Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգության ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի»:

«Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա», - վստահեցրել է Ծառուկյանը:

Իր հասցեին հնչած անձնական վիրավորանքների առնչությամբ նա ասել է․ - «Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի»։

«Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը», - հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG