Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հեռացավ. ԲՀԿ-ն տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ


«Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին ու ցնցումներին»,- հայտարարեց ԲՀԿ-ի նախկին առաջնորդը։

«Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»,- այսօր հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը, սակայն, կմնա կուսակցական ու պատգամավոր, արտահերթ համագումարից հետո հայտարարեցին ԲՀԿ-ի ներկայացուցիչները։

ԲՀԿ-ի նոր ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ լինել ավելի անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին ու ցնցումներին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ։ Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն։ Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է։ Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ»,- հայտարարեց Ծառուկյանը։

Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին․ Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» համարեց, խոսեց «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությանը հաջորդեց Ծառուկյանի ոչ պակաս կոշտ պատասխանը. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»,- ասաց Ծառուկյանն ու դիմեց ժողովրդին.- «Պատրաստվե՛ք պայքարի»։ Սերժ Սարգսյան -Գագիկ Ծառուկյան հանդիպումը, սակայն, սրբագրումներ մտցրեց ԲՀԿ նախկին ղեկավարի ծրագրերում։ «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը»,- հայտարարեց Ծառուկյանը, ով արդեն խնդիրները խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակից էր։

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան»,- այսօր հայտարարեց Ծառուկյանը։

ԲՀԿ-ի այսօրվա արտահերթ համագումարի օրակարգային միակ հարցը նոր նախագահի ընտրությունն է եղել։ Համագումարը փակ է անցկացվել, տարածված հաղորդագրության համաձայն՝ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է Գագիկ Ծառուկյանը։ Բոլոր պատվիրակները, բացառությամբ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի, կողմ են եղել Զոհրաբյանի թեկնածությանը, Խաչատրյանը՝ ձեռնպահ։

Կուսակցության նորընտիր նախագահը այսօր հրապարակեց իր առաջին որոշումը՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է։ Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կուսակցությունը ներկայանում էր իբրև այլընտրանք։

«Առաջիկա քառօրյայում, օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, ես որպես խմբակցության քարտուղար, կկրկնեմ այդ հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն է»,- ասաց Զոհրաբյանը։

Համագումարի պատվիրակների առաջ ունեցած իր ելույթում Զոհրաբյանն ասել է, որ անկեղծ չի լինի, եթե ասի, թե վերջին իրադարձություններից հետո հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից չի հիասթափվել։

«Եվ դրա համար երևի ուներ իրավունք»,- նկատել է Զոհրաբյանը, բայց տեղի ունեցածի պատճառներից չի խոսել: Համագումարից հետո էլ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների ոչ բոլոր հարցերին պատասխանեց, օրինակ, իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ն նախկինի նման պահաջելո՞ւ է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Զոհրաբյանը միայն հստակեցրեց, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը նույնն է մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում։ ԲՀԿ-ն դեմ է հանրաքվեի անցկացմանը։

Հետագա քայլերն ու գործողությունները ճշտելու համար, ասաց ԲՀԿ նոր ղեկավարը, իրենց ժամանակ է պետք.- «Ըստ էության, մենք պիտի փորձենք, մեր ծրագրային հիմնադրույթներից չշեղվելով, ժողովրդին ծառայելու մեր հիմնական գաղափարը դնելով հիմքում, այդուհանդերձ, մշակել նոր մարտավարություն, գծել ճանապարհային մեր քարտեզը։ Մեզ հիմա որոշակի ժամանակ է պետք։ Մենք հապճեպ քայլեր չենք անելու»։

ԲՀԿ-ի ներկայացուցիչները չեն պատասխանում նաև հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված քաղաքականությունից հեռանալու Ծառուկյանի որոշումը՝ նրան սպառնացե՞լ են։

«Հարցեր կան, որոնց պատասխանները մենք կտանք, երբ կուսակցության ներսում մենք տեղի ունեցածը հանգամանալից կվերլուծենք»,- ասաց Զոհրաբյանը։

Շարունակվում է ԲՀԿ-ից արտահոսքը։ Կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նաև՝ 2012-ից ԲՀԿ-ի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Վերջինը նաև հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչու է դադարեցնում իր անդամակցությունը կուսակցությանը.- «Իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի, իմ գնահատմամբ, բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու գործը»։

«Կլինեն նոր հեռացողներ, թե չեն լինի, լինեմ անկեղծ, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Վարդան Օսկանյանը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել է, Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր չի դնելու»,- նշեց ԲՀԿ-ի նորընտիր ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG