Մատչելիության հղումներ

Վոլինկին․ 200 միլիոնի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է


Իվան Վոլինկին
Իվան Վոլինկին

Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը նաև արձագանքեց Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:

«[«Իսկանդեր»-ի վաճառքը] նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: [Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները] դաշնակցային են ու եղբայրական: [Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին], ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», - ասաց Վոլինկինը:

Ռուսաստանյան սպառազինություն ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը Երևանն ու Մոսկվան կնքեցին անցած տարի հունիսին:

Այս տարվա փետրվարին, «Ինտերֆաքս»-ը անգամ հրապարակեց սպառազինության ցանկը, որը վարկի շրջանակում գնելու է Հայաստանը՝ համազարկային կրակի ռեակտիվ՝ «Սմերչ» համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ և այլն: Միաժամանակ, նշված էր՝ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Рособоронэкспорт-ի փոխադարձ համաձայնությամբ:

Մատակարարումները, սակայն, ձգձգվում էին: Ապրիլյան պատերազմից օրեր անց, երբ Երևանում հյուրընկալել էին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չթաքցրեց իր դժգոհությունը:

«Համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացը որոշակիորեն դանդաղել է, ուստի ցանկանում եմ խնդրել Ձեզ հրահանգել Рособоронэкспорт-ին հնարավորինս արագացնել պայմանագրերի կնքումը», - ասել էր Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանի խոսքով, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ուշիմ ձևով հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի հարաբերակցությանը:

«Պատերազմի դասերը մեր ղեկավարությունը կարողացել է ճիշտ գնահատել և քննարկել մեր դաշնակից Ռուսաստանի հետ՝ քառօրյա պատերազմի մասին է խոսքը, որովհետև դասերն իսկապես բազմաշերտ են և հնարավորություն են տալիս՝ և՛ միջնահեռահար, և՛ հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան։ Ինձ թվում է, որ այս քննարկումը արտակարգ ձևով ընթացքի մեջ է», - ասաց Ջոթանջյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչու՞ հայկական զինված ուժերում գերազանցապես ռուսական սպառազինություն է, և ձեռք չի բերվում ամերիկյան, եվրոպական ռազմական տեխնիկա, գեներալ-մայոր Քոթանջյանը պատասխանեց. - «Կան սահմանափակումներ Արևմուտքի կողմից՝ կոնֆլիկտային զոնաներ համապատասխան ռազմական զինատեսակներ, զենք մատակարարելու համար։ Այդպիսի սահմանափակումներ Ռուսաստանը չունի, բայց դրա հետ մեկտեղ Արևմուտքը մեզ աջակցում է, ոչ մահացու զենքերի տրամադրմամբ՝ եթե տեսնեք կապի միջոցների առումով, կամ այլ օժանդակ գործիքարանի տեսանկյունից, բավականին մեծ օգնություն է ցուցադրվում այս հաշվեկշռի շրջանակներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG