Մատչելիության հղումներ

Կառավարությունը հանձնարարեց «քննարկել և ստորագրել» ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը


Ռուսական արտադրության ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետային համալիրը զենքի ցուցահանդեսի ժամանակ, արխիվ
Ռուսական արտադրության ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետային համալիրը զենքի ցուցահանդեսի ժամանակ, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագծին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված նախագծի, մասնավորապես, ֆինանսների նախարարին հանձնարարվում է իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը և Ռուսաստանի համապատասխան մարմինների, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ընկերության հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Հիշեցնենք, անցյալ տարվա հունիսի 26-ին ստորագրված համաձայնագրով ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Հայաստանը սպառազինություն է ձեռք բերելու Ռուսաստանից: Այս ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր արագացնել սպառազինության մատակարարման պայմանագրի կնքումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG