Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր. «Սասնա ծռերի» գործունեությունն արագացրեց կառավարության փոփոխությունը


Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան

Ըստ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանի, «Սասնա ծռեր» խմբավորման գործունեությունը` կապված ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման հետ, արագացրեց վարչապետի հրաժարականը։

«Իմ տրամաբանությունն եմ սա ասում, որովհետև, եթե չլիներ նման գործողություն, միգուցե մենք սրան գայինք 3-4 տարի հետո։ Սա ուղղակի բաց արտահայտեց այն կարծիքը, որ հասարակության մեջ կուտակվել են երևույթներ, որոնք ազգային համաձայնության խնդիր ունեն։ Այստեղից ծնվեց նախագահի մոտ այն ելույթը հայտնի, որտեղ նախագահը հայտարարեց, որ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն, որպեսզի հասարակության բևեռացված տարբեր շերտերի ընդգրկումով հասարակության կառավարման համակարգում կարողանանք այդ բևեռացումը հանել հասարակության մեջից», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե նոր վարչապետի պաշտոնում շրջանառվում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը, և հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նրա անձը որպես հնարավոր վարչապետ, Հակոբյանը պատասխանեց. - «Ես Կարեն Կարապետյանի անձին իմ գնահատականը չեմ ասի, ես կասեմ հասարակության գնահատականը, որ ինքս եմ ստուգել՝ դրական է»։

Ճշտող հարցին, թե ե՞րբ է ստուգել և ի՞նչ միջոցով, Հակոբյանը պատասխանեց. - «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում և մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր ես էի տալիս և իրենք էին ինձ հարցեր տալիս՝ ստուգելու համար, այն, ինչ-որ դուք եք ուզում ստուգել։ Եվ ասեցի՝ դրական էր ու վերջ»։

XS
SM
MD
LG