Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանը վարչապետի հրաժարականը կապում է «Սասնա ծռեր»-ի գործողությունների հետ․ փաստաբան


Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում զրուցում է լրագրողների հետ, 23-ը հուլիսի, 2016թ․

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում զրուցում է լրագրողների հետ, 23-ը հուլիսի, 2016թ․

Այսօր կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով հետազոտություններից հետո արդեն վաղը կենթարկվի ոտքի երկրորդ վիրահատությանը։ Նրան դատապարտյալների հիվանդանոցից «Էրեբունի» բերեցին շտապօգնության մեքենայով, զինվորականների ուղեկցությամբ։ Մանուկյանին հաջողվեց հակիրճ հարցեր ուղղել:

Նա ասաց, որ իրեն գերազանց է զգում, որ իր առաքելությունն ավարտված չի համարում․ - «Նոր ենք սկսել, մինչև չտեսնենք ապահով, ազատ և ինքնաբավ Հայաստան»:

Հարցին՝ «համարո՞ւմ եք, որ Ձեր նպատակին հասել եք», Մանուկյանը պատասխանեց. - «Առայժմ ոչ»:

Հուլիսին ոստիկանության շենքը գրաված զինված խմբի պահանջների շարքում էր իշխանափոխությունը։ Նախօրեին Պավել Մանուկյանի հետ քաղաքական թեմաներով զրույց ունեցած փաստաբան Հարություն Բաղդասարյանի փոխանցմամբ, Մանուկյանը վարչապետի հրաժարականը կապում է «Սասնա ծռեր»-ի գործունեության հետ:

«Պավել Մանուկյանի սկզբունքը, դիրքորոշումը հետևյալն է՝ չի կարող, որ երկրում որևէ փոփոխություն չլինի, և էդ փոփոխությունները անպայմանորեն կապվում են նաև «Սասնա ծռեր»-ի հետ, ինչո՞ւ՝ որովհետև «Սասնա ծռեր»-ը ստեղծել են մի իրավիճակ, որը պարզ ասում էր՝ էս ճանապարհով շարունակել չի լինի: Մեր պատկերացմամբ, իշխանությունն էլ շուտով կփոխվի, որովհետև էպիզոդիկ փոփոխությունները որևէ արդյունքի չեն հասցնի», - պատասխանեց Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանի, Պավել Մանուկյանը Հայաստանի վարչապետի հրաժարականն ու կառավարության կազմի առաջիկա փոփոխությունը չեն ընդունում որպես լուրջ առաջընթաց։

«Մենք պատկերացնում ենք, որ սա էական, որևէ հիմնական փոփխություն չի կարող առաջացնել: Մեր պատկերացրած վարչապետը չպետք է լիներ Կարեն Կարապետյանը, որովհետև նա գիտեք, էսպես ասենք, դրսի ուժերի շահարկողը պետք է լինի: Միևնույնն է, դրսից բերված մարդիկ Հայաստանի համար չեն կարողանալու էն աշխատանքը տանել, որոնք որ նվիրված լինեն երկրին կամ մտադիր լինեն ինչ-որ փոփոխություններ անելու», - ասաց փաստաբանը:

«Էրեբունի» բուժհաստատությունից տեղեկացանք, որ Մանուկյանն այս անգամ ոտքի վերջնական վիրահատության կենթարկվի: Մետաղային հարթակի միջոցով կֆիքսվի նրա կոտրվածքն ու ոսկրային բեկորները:

«Մեզ համար շատ կարևոր է, որ ոսկրային հյուսվածքները համադրվեն, որպեսզի ոսկորն աշխատի», ֊ նշեց Հարություն Բաղդասարյանը:

Ոստիկանական գնդի տարածքի գրավումից 10 օր անց, հուլիսի 27-ին վիրավորված Մանուկյանը լուրջ մարմնական վնասվածք էր ստացել, նրա ազդոսկրը հրազենային վիրավորումից, ըստ փաստաբանի, փշրվել էր, ինչը պաշտպանական խմբի մոտ կասկածներ է առաջացել, թե Մանուկյանը գուցե վիրավորվել է զրահամեքենա խոցելու համար նախատեսված փամփուշտից․ - «Մարմնի մեջ տարբեր փոսեր են առաջացել: Մի տեղից չի մտել մի տեղից դուրս եկել: Մի տեղից մտել է մի չորս տեղից դուրս է եկել»:

Այսօր հիվանդանոց էին եկել նաև Պավել Մանուկյանի կինը և դուստրը: Նրանք այս անգամ էլ հնարվորություն չունեցան տեսակցել իրենց ընտանիքի անդամին: Վստահ են՝ մի քանի րոպեով վիրավոր հայր ու որդի Արամ և Պավել Մանուկյաններին տեսակցելը որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննության ընթացքին։

XS
SM
MD
LG