Մատչելիության հղումներ

Ստեփան Գրիգորյան․ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է պարզի՝ կա՞ արդյոք Մոսկվայում ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ»


Ստեփան Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, 5-ը սեպտեմբերի, 2016 թ․

Ստեփան Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, 5-ը սեպտեմբերի, 2016 թ․

ՌԴ-ից արտաքսված հայ քաղաքագետի կարծիքով, Մոսկվայի հետ հարաբերություններն էլ ավելի չբարդացնելու համար, Հայաստանը պետք է համարժեք քայլ կատարի՝ անցանկալի հայտարարելով հակահայկական դիրքորոշում ունեցող՝ ռուսաստանցի բազմաթիվ քաղաքական գործիչներից մեկին:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանում է Ռուսաստանից իրեն արտաքսելու միջադեպը:

«Ազատություն»- Հաշվի առնելով ձեզ հետ տեղի ունեցածը, այստեղ որոշ վերլուծաբաններ հայտարարեցին, թե Ռուսաստանում կա «սև ցուցակ», որում ընդգրկված են ՀՀ այն քաղաքացիները (վերլուծաբաններ, քաղաքագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ), ովքեր երբեևէ քննադատել են ՌԴ իշխանություններին, կապված այդ երկրում ժողովրդավարության վիճակի, Ուկրաինիայի հանդեպ իրականացվող քաղաքականության, այլ հարցերի հետ: Հաշվի առնելով ձեր օրինակը, կարելի՞ է պնդել, որ նման ցուցակի գոյությունն իսկապես հնարավոր է:

Ստեփան Գրիգորյան- Ես իրոք մտավախություն ունեմ, որ մենակ չեմ այդ ցուցակում: Ես ուրախ կլինեի, որ մենակ լինեի: Իմ կարծիքով, այստեղ է, որ մեր արտգործնախարարությունն անելիք ունի: Մեր ԱԳՆ-ն հիմա նախ պետք է ճշտի՝ կա՞ն նման ցուցակներ: Շատ կարևոր բան եմ ուզում ասել՝ Ռուսաստանի փորձագետներից մեկն ասել է՝ ամեն երկիր, նույնիսկ քաղաքական դրդապատճառներով, կարող է փակել սահմանը՝ անցանկալի անձանց առջև:

Ես ուզում եմ իմ անհամաձայնությունը հայտնել․ գիտե՞ք, երբ սանկցիոն ցուցակներ ունեն ուկրաինացիները ռուսների դեմ և ռուսներն ուկրաինացիների դեմ, դա հասկանալի է, այդ պետություններն անցել են պատերազմական փուլ: Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական-գործընկերային են, ու եթե դու ունես «սև ցուցակներ», կապված Հայաստանի հետ, իմ կարծիքով դա նորմալ չի: Ուրեմն՝ էստեղ էլ մենք պետք է շատ հետևողական լինենք:

«Ազատություն»- Ի՞նչ պետք է անել և, ի դեպ, մինչ այսօր ի՞նչ պարզաբանումներ են ձեզ ներկայացվել: Դուք ձեր նամակում նշել էիք, որ մի քանի օր սպասելու եք ձեր իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Հայաստանի ԱԳՆ-ի քայլերին, որից հետո արդեն փորձելու եք անձնապես ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Ստեփան Գրիգորյան- Ես կխորհրդակցեմ իրավաբանների իրավապաշտպանների հետ, որից հետո իմ քայլերը կանեմ: Պարզ է՝ կա Եվրոպական դատարան, ի վերջո՝ կան ռուսական դատարաններ, ես համարում եմ, որ ճիշտ է նաև ռուսական դատարաններ դիմելը: Թող մերժեն, հետո Եվրոպական դատարան կդիմեմ: Ի վերջո՝ ես ուզում եմ վերականգնել իմ իրավունքները: Բայց ես պնդում եմ, որ մեր արտգործնախարարությունը պետք է շարունակի իր այդ ճիշտ քայլերը: Օրինակ՝ ներքին կարգով ճշտի՝ կա՞ն նման ցուցակներ, թե ոչ: Եթե կան, գոնե պետք է այդ մարդկանց զգուշացնել, որ իրենք անցանկալի են, որպեսզի մենք անընդհատ այսպիսի սկանդալների մեջ չհայտնվենք: Ես կողմնակից չեմ, որ մենք փչացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց չփչացնելու համար պետք է ճշտել այդ հարաբերությունները:

Այնուհետև՝ դուք գիտեք, որ դիվանագիտության մեջ շատ ընդունված է փոխադարձության սկզբունքը՝ երբ մյուս պետությունը փոխադարձ պատասխանում է համարժեք կերպով: Օրինակ, Ռուսաստանում շատ քաղաքական գործիչներ կան, որոնք հակահայկական դիրքորոշում ունեն: Եթե իմ դեպքում խնդիրը դրական լուծոմ չստանա, թող նրանցից մեկին մերոնք հայտարարեն անցանկալի անձ:

«Ազատություն»- Նման քայլը ռիսկային չէ՞ր լինի Հայաստանի համար:

Ստեփան Գրիգորյան- գիտեք, ամեն ինչում ռիսկ կա: Եթե մենք այս դեպքում չպատասխանենք, վաղն էլի մարդիկ կլինեն, ում կարտաքսեն, ու էլ ավելի կբարդանան հարաբերությունները: Շատ անգամ մի դիպուկ քայլը շատ բան է փոխում:

«Ազատություն»- Մտահոգություններ են հնչում, որ Ռուսաստանն, ըստ էության, արդեն փորձում է այլ երկրների, տվյալ դեպքում` նաև դաշնակից Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա որոշակի ազդեցություն ունենալ և ճնշումներ գործադրել: Այսինքն՝ տարբեր ճանապարհներով Ռուսաստանը կարողանում է որոշակի լծակներով ազդեցություն ունենալ երկրի վրա, սակայն, քաղաքացիական հասարակության դեպքում կարծես թե դեռևս ազդեցություն չուներ, և կատարվածը նաև այդ ոլորտում ազդեցության հաստատմանն ուղղված քայլերից է: Ըստ ձեզ, իսկապե՞ս Ռուսաստանը որոշել է փորձել՝ ճնշել քաղաքացիական հասարակությունը նաև Հայաստանում:

Ստեփան Գրիգորյան- Ես կարծում եմ, որ Ռուսաստանում կա նման որոշում, բայց կիրականացնեն դա լայնամասշատաբ կերպով, թե ոչ, այդ հարցում շատ բան կախված է մեր իշխանություններից: Եթե մեր իշխանությունները մի քանի դիպուկ քայլեր անեն, պահպանելով Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններն ու միաժամանակ ցույց տալով՝ մենք թույլ չենք ձեզ՝ մխրճվել մեր ներքին քաղաքականության մեջ, էդ դեպքում ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Բայց եթե մենք այս դեպքում էլ մեր բերանը փակ թողնենք, այս դեպքում էլ ինչ-որ պատասխան չտանք, իմ կարծիքով, դա կբերի Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդությունների:

Մենք պետք է ՌԴ-ի հետ կառուցենք նորմալ հարաբերություններ, բայց իրենք պետք է իմանան, որ Հայաստանում հասարակությունը և օրենսդրությունը տարբերվում են Ռուսաստանից: Իրենք պետք է դա հանդուրժեն` մեզ մոտ հասարակական հատվածում ազատություններն ավելի բարձր են, քան այլ երկրներում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ: Եվ Ռուսաստանը դա պետք է ընդունի: Էստեղ շատ բան է կախված մեր իշխանությունների դիրքորոշումից:

XS
SM
MD
LG