Մատչելիության հղումներ

logo-print

Գրիգորյանին Ռուսաստանից արտաքսել են «քաղաքական դրդապատճառներով»


Ստեփան Գրիգորյան, արխիվ

Ստեփան Գրիգորյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը զբաղվում է այդ խնդրով՝ խոստանալով պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:

Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, թույլ չտալով նրան դուրս գալ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տարածքից:

Իր արտաքսման մասին Գրիգորյանը երեկ նամակով տեղեկացրել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Նամակում Գրիգորյանը նշել է, որ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 8-ին, ժամանել է «Շերեմետևո» օդակայան, որտեղից էլ պետք է ողևորվեր ՌԴ մայրաքաղաք՝ այցելելու հոր՝ Մոսկվայում գտնվող շիրիմին: Սակայն, օդակայանում նրան ռուս սահմանապահները կանգեցրել են՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:

Վերլուծաբանին ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» օրենքը, որն անդրադառնում է օտարերկրացիների՝ քրեական և այլ կարգի խախտումներ պարունակող գործողություններին: «Այդ ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ վերջին 20 տարում ես Ռուսաստանում որևէ գործունեություն չեմ ծավալել»,- Բարսեղյանին ուղղված իր նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով՝ իր դեպքում էական է եղել միայն օրենքի այն կետը, որը վերաբերում է այն օտարերկրացիների արտաքսմանը, ովքեր համագործակցում են Ռուսատանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնն ակտիվորեն համագործկացում է եվրոպական հասարակական կազմակերպությունների, կենտրոնների, ժողովրդարվարական ֆոնդերի հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- նամակում նշել է Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ «Շերեմետևո» օդակայանում գտնվելու ընթացքում իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

Ստեփան Գրիգորյանն իր նամակում տեղեկացրել է, թե արդեն իսկ դիմել է Հայաստանի արտգործնախարությանը՝ իր իրավունքները պաշտպանելու պահանջով: «Մի քանի օր կսպասեմ պատասխանի, որից հետո ինքս գործողություններ կիրականացնեմ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար »,- իր նամակն այսպես է եզրափակել Ռուսաստանից արտաքսված հայ քաղաքագետը:

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատության» ընդամենը փոխանցեցին, որ զբաղվում են այս հարցով: Դրանով զբաղվում է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց դեսպանության խոսնակ Լևոն Թորգոմյանը: Արձագանքելով դիտարկմանը՝ հնարավոր է, որ Ստեփան Գրգորյանի արտաքսումը քաղաքական դրդապատճառներ ունի, ինչպես կարծում է հենց ինքը՝ Գրիգորյանը, դեսպանատան խոսնակն ասաց՝ երբ ունենան լրացուցիչ տեղեկություններ, այդ ժամանակ էլ կհայտարարեն, թե ինչով է պայմանավորված Ռուսատսանի իշխանությունների որոշումը:

Արձագանքելով Ռուսաստանից իր գործընկերոջն արտաքսելու փաստին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Գրիգորյանին, հաշվի առնելով Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն ուղղված՝ նրա քննադատությունները: Բարսեղյանի համոզմամբ, Ռուսաստանի «սև ցուցակում» Հայաստանի այլ քաղաքացիներ էլ կան՝ նրանք, ովքեր երբևէ քննադատություն են հնչեցրել այդ երկրի իշխանությունների հասցեին:

«Հաշվի առնելով, որ Ստեփան Գրիգորյանը չափավոր քննադատության է ենթարկել Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը և իր գաղափարներով ունեցել է եվրոպական ուղղվածություն, Հայաստանում այդպիսիք մի 3-4 հազար հոգի կգտնվեն, ըստ երևույթին, Ռուսաստանի իշխանություններն ունեն այդպիսի մի մեծ ցուցակ»- ասաց Բարսեղյանը՝ կատակելով՝ «Ամոթ կլինի, որ ես հանկարծ այդ ցուցակում չլինեմ, դա ինչ-որ դավադրություն կլինի իմ դեմ: Ենթադրում եմ, որ պիտի լինեմ, որովհետև ես կարծում եմ, որ շատ խիստ քննադատության եմ ենթարկել Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը, մարդու իրավունքերի ոլորտում իր ներքին քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների հանդեպ իր կատարած բազմաթիվ հանցագործությունները հենց իր տարածքում: Եթե տեղյակ չեն, հիմա թող լսեն ու մտցնեն ցուցակ»:

Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ առաջիկայում Ռուսաստանի իշխանություններն ավելի կոշտ մեթոդների դիմեն, ընդհուպ՝ իրենց համար ոչ ցանկալի Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունը: «Ստեփան Գրիգորյանի նման մտավորականի հետ այպես վարվելը հուշում է, որ Ռուսաստանի Դաշնությունն ինչ-որ հաշվեհարդարի ծրագիր է առաջ քաշել: Ներսում իր քաղաքացիական հասարակության հախից եկել է, հիմա որոշել է, որ պիտի ահաբեկի իր, այսպես կոչված, դաշնակից երկրների քաղաքացիական հասարակություններին: Եվ շատ հնարավոր է, որ ավելի կոշտ միջոցների ձեռնամուխ լինի, ինչը շատ ցավալի կլինի Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչների համար, որովհետև այստեղ իշխանությունների վրա հանրային ճնշումը չի ազդում՝ բողոքի ցույցեր, նոտաներ, հացադուլ և այլն, եթե տանեն այնտեղ փակեն որևէ մեկին, հաստատապես Հայաստանի հանրությունը ոչինչ անել չի կարող, իսկ իշխանություն մենք, ինչպես գիտեք, չունենք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Հավելենք՝ այսօր ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել Ստեփան Գրիգորյանի հետ, վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ռուսաստանից արտաքսված Ստեփան Գրիգորյանը 1995-2000 թթ. աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում դիվանագիտական բարձր պաշտոն է զբաղեցրել, զուգահեռաբար հանդիսացել է ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: Զբաղեցրել է նաև արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը:

XS
SM
MD
LG