Մատչելիության հղումներ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում է պահանջել


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին, արխիվ

Հայաստանի արտաքին գերատեսչությունն առայժմ խուսափում է հանդես գալ Ռուսաստանից հայ քաղաքագետի արտաքսման միջադեպի մեկնաբանությամբ:

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում է պահանջել Հայաստանի քաղաքացի, վերլուծաբան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքի կապակցությամբ:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են արտաքսել հայ քաղաքագետին:

«Կարծում եմ, որ այդ արգելքի հետ կապված պաշտոնական հայտարարություն պետք է լինի, հետո նոր կորոշվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Պաշտոնական հայտարարություն՝ ի պատասխան ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից պահանջված պարզաբանման: Կարծում եմ, որ կլինի, այնուհետև մենք կցանկանանք, ըստ պաշտոնական տվյալների, կատարել հայտարարություններ»,- ասաց Մելիքյանը:

Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում Գրիգորյանին ռուս սահմանապահները թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Ինչպես նամակում նշել է քաղաքագետը, իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ապա՝ ետ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելած է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, իրեն արտաքսել են քաղաքական դրդապատաճառներով:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնն» ակտիվորեն համագործակացում է եվրոպական հասարակական կազմակերպությունների հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- իր նամակում նշել է Գրիգորյանը:

Մինչդեռ, իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ռուսաստանի իշխանությունների որոշման մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում՝ «Չեմ կարծում, որ քաղաքական դրդապատճառներ կարելի է փնտրել այդ որոշման մեջ, ես կարծում եմ, որ պետք է սպասել պաշտոնական հայտարարություններին»:

Հիշեցմանը, որ Հայաստանում շատերը կարծում են, թե ռուսական կողմն իրենց համար անցանկալի ՀՀ քաղաքացիների ցանկ ունի, որով էլ առաջնորդվում է երկիր մուտքը թույլատրելու կամ արգելելու հարցում, Մելիքյանն արձագանքեց՝ «Կարծում եմ, որ դրանք սոսկ հայտարարություններ են, նմանատիպ հայտարարություններ անելու համար արժանահավատ հիմքեր են անհրաժեշտ: Այս պահին իմ ձեռք տակ չունեմ նման հիմքեր»:

Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ այս միջադեպի հետ կապված նորություն չունեն: Ուշագրավ է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո խուսափեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք ՌԴ իշխանությունները քաղաքական դրդապատաճառներով են Ստեփան Գրիգորյանին արգելել՝ մուտք գործել Ռուսաստանի տարածք:

Ի դեպ, այս խնդրին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Խուսափելով գնահատական տալ տեղի ունեցածին, նա ընդամենն ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG