Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնովը արդեն Մոսկվայում է


Սերգեյ Միրոնովը երևանյան դատարանում: 29-ի օգոստոսի, 2016 թ․
Սերգեյ Միրոնովը երևանյան դատարանում: 29-ի օգոստոսի, 2016 թ․

Միացյալ Նահանգների կողմից հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը այսօր Երևանից ժամանել է Մոսկվա:

«Դեռ լավ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Պետք է դեռ ուսումնասիրենք: Փաստացի կար Ինտերպոլից հարցում, ձերբակալում և դատարանի որոշում, որն ամբողջությամբ մեզ բավարարել է», - Մոսկվայում լրագրողներին ասել է Միրոնովը:

30-ամյա ռուսաստանցին անկեղծանում է․ - «Չէի սպասում, որ այսքան շուտ կհայտնվեի հայրենիքում: Ես նույնիսկ վախենում էի պատկերացնել, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե Ինտերպոլի պահանջով ձերբակալվեի ոչ թե Երևանում, այլ մեկ այլ երկրում: Ես, իհարկե, երջանիկ եմ, որ հենց Հայաստանն էի ուզում տեսնել, որ Երևան եմ եկել: Իհարկե, մեկ այլ երկրում ես ազատության մեջ այսքան շուտ չէի հայտնվի»:

«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 26-ին ձերբակալված տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը երկուշաբթի օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:

Միացյալ Նահանգները Միրոնովին մեղսագրում են փողերի լվացում, ԱՄՆ-ից զենքի ապօրինի արտահանման փորձ: Ենթադրվում էր, որ դատարանը պետք է քննարկեր Միրոնովին արտահանձնելու հարցը, սակայն ռուսաստանցին ազատ արձակվեց: Ավելին՝ հաջորդ օրը նրա փաստաբաններ Կարեն Ներսիսյանը և Ռուբեն Կիրակոսյանը «Ազատության»-ը տեղեկացրեցին, թե չկա որևէ փաստաթուղթ, որը կարգելի Միրոնովին լքել Հայաստանի տարածքը:

XS
SM
MD
LG