Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սերգեյ Միրոնովը կարող է լքել Հայաստանը


Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 28-ը օգոստոսի, 2016թ․

Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 28-ը օգոստոսի, 2016թ․

Փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա:

«Իմ պաշտպանյալը ուներ տոմս Հայաստան և հակառակ՝ Մոսկվա՝ 31-ի ամսաթվով: Դատարանի որոշման համաձայն իր կալանքի միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման մեջ մենք ոչ մի արգելք չենք գտել, որ իմ պաշտպանը իրավունք չունի հեռանալու Հայաստանից: Դատախազության կողմից ևս ոչ մի արգելք չկա, համենայնդեպս՝ առայսօր, մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ ինչ-որ մեկը մեզ պարտադրել է մնալ Հայաստանում և սպասել, թե ինչ է լինելու: Ես ենթադրում եմ, որ արգելք չկա՝ ուրեմն ազատ մարդ ենք», -«Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն Միրոնովը օգոստոսի 31-ին փորձելու է հեռանա՞լ Հայաստանից, փաստաբանը պատասխանեց․ - «Նա անպայման կհեռանա՝ առանց փորձի, եթե չլինի որևէ արգելք․ պաշտոնական արգելք, որտեղ գրված է, որ մենք իրավունք չունենք հեռանալու Հայաստանից»:

Փաստաբան Կարեն Ներսիսյանի այս հայտարարությունը անակնկալ է այն առումով, որ երեկ Սերգեյ Միրոնովի մյուս պաշտպանը՝ Ռուբեն Կիրակոսյանը, դատարանի դահլիճում հայտարարեց, թե Միրոնովը մնալու է Հայաստանում այնքան ժամանակ, մինչև որոշվի նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը: «Ազատության» հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այս հակասությունը, այսօր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը պարզաբանեց, թե երեկ, երբ իրենք մեկնաբանություններ էին անում, դեռևս չէին ծանոթացել դատարանի որոշմանը: Մինչդեռ այսօր արդեն կարող են ասել, որ դատարանի որոշումը վերաբերել է միայն իր պաշտպանյալի խափանման միջոցին, արտահանձնման վերաբերյալ հարց չի քննարկվել: Ավելին, դատարանի որոշման մեջ չկա որևէ պահանջ, որ Միրոնովը պարտավոր է մնալ Հայաստանում:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Միրոնովը լքի Հայաստանի տարածքը, իսկ դրանից հետո Միացյալ Նահանգները ուղարկի համապատասխան հիմքեր, որոնք կապացուցեն, որ նրան պետք է արտահանձնել, Ռուբեն Կիրակոսյանը պատասխանեց․ - «Իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է այդ թղթերը ուղարկեն այն պետություն, որտեղ այդ պահին կգտնվի Միրոնովը, որովհետև ոչ մի արգելք չկա նրա տեղաշարժվելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, Զվարթնոց օդակայանում անցած ուրբաթ ձերբակալված, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակված Սերգեյ Միրոնովը ԱՄՆ-ի կողմից մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ փողերի լվացում, ԱՄՆ-ից զենքի ապօրինի արտահանման փորձ և այլն: Մինչդեռ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը պնդում է, որ ամերիկյան կողմը որևէ փաստաթուղթ այդ մեղադրանքների մասին հայաստանյան դատարանին չի ներկայացրել, և վերջինս էլ մերժել է Ռուսաստանի քաղաքացուն կալանավորելու՝ Հայաստանի դատախազության դիմումը:

«Ամերիկյան կողմը չի բարեհաճել Հայաստանի կողմին ներկայացնի պատշաճ ձևակերպված ամերիկյան դատարանի որոշումը իմ պաշտպանյալին կալանքի տակ վերցնելու մասին, ինչպես նաև մեղադրանք առաջադրելու որոշումը: Հայաստանի դատարանը և կառավարությունը դրված է շատ անհեթեթ վիճակի մեջ, որովհետև ասես ուզենան հատուկ կռվեցնեն մի կողմից Ամերիկայի հետ, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ, որովհետև այդ փաստաթղթերի բացակայությունը այլ կերպ չի կարելի մեկնաբանել», - կարծիք հայտնեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ ֊ում հարուցված քրեական գործին փողերի լվացման և զենքի ապօրինի արտահանման կասկածանքով, ապա Միրոնովի փաստաբանը այդ ամենը պատրվակ է համարում: Իրականում, ըստ նրա, ամերիկյան կողմին ոչ թե հետաքրքրում է 50 հազար ամերիկյան դոլարով ինտերնետի միջոցով ինչ-որ սարք ձեռք բերելու հանգամանքը, այլ բոլորովին այլ բան: Միրոնովը կարևորագույն տեղեկատվության է տիրապետում ի պաշտոնե:

«Նա աշխատում է Ռուսաստանի ամբողջ երկաթգծերի անվտանգության վիդեոհամակարգում, ինչպես նաև Մոսկվայի մետրոպոլիտենի և այլն: Հավատացեք, որ վիդեոանալիտիկը, ով զբաղվում է այդ անվտանգության սպասարկմամբ, նա ահավոր շատ բան գիտի: Ես ոչ մի կասկած չունեմ, որ դա արվում է Միրոնովին ստանալու համար», - նշեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Եվ ինչո՞ւ հատկապես Հայաստանում: Ինքը հուլիսին ստացել է վիզա, ոչ մի արգելք չի եղել, ոչ մի հետախուզում չի եղել․ Մոսկվայում Իսպանիայի դեսպանությունում շենգենի վիզա է ստացել, մարտ ամսին գնացել է Հնդկաստան: Իսկ ինչո՞ւ հենց եկավ Հայաստան, այս պահին, երբ Հայաստանում ինչ-որ հակառուսական տրամադրություններ կան, շատ ցանկացողներ, որպեսզի այդ տրամադրությունները աշխուժացնեն․․․ դրա համար ասում եմ՝ այստեղ չկա քրեական գործ, կա միայն քաղաքականություն: Ես ուղղակի խնդրում եմ Հայաստանի կառավարությանը՝ մյուս անգամ նման բան ստանալու դեպքում ոչ թե ավտոմատ ընկնել հետևից, բռնել-տանել, չգիտեմ ինչ անել, այլ մի հատ անալիզ անել»:

Նշենք, որ Միրոնովին չկալանավորելու՝ դատարանի որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել և Գլխավոր դատախազությունը կարող է այն բողոքարկել: Սակայն այդ հանգամանքը, ըստ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի, չի արգելում Միրոնովին լքել Հայաստանի տարածքը:

Հավելենք, որ Դատախազությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց, որ դատարանի որոշման բողոքարկման հարցը կքննարկվի այդ որոշումը Գլխավոր դատախազությունում ստացվելուց հետո: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյո՞ք Սերգեյ Միրոնովը կարող է լքել Հայաստանի տարածքը, Գլխավոր դատախազությունը պատասխանել է, թե այն դատարանի իրավասության ներքո է:

XS
SM
MD
LG