Մատչելիության հղումներ

logo-print

«Զվարթնոցում» ձերբակալված ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապում է ամուսնու աշխատանքի հետ


Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլիա Միրոնովան, կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Միրոնովան պատմեց, որ ամուսնու հետ Հայաստան էին եկել՝ հանգստանալու և Սերգեյը ձերբակալվել է օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելիս: Տիկնոջ խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, նրան կասկածում են փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: Ռուսաստանցուն տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, երկուշաբթի օրը Հայաստանի դատարանը պետք է որոշի Սերգեյ Միրոնովին Միացյալ Նահանգներին արտահանձնելու հարցը:

«Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում ուշքի գալ: Ինձ համար իրավիճակը շատ ծանր է և աբսուրդային է: Չեմ հասկանում, թե ինչու այսպես ստացվեց: Որքան հասկանում եմ ամուսնուս ձերբակալել են, որովհետև նրան որոնում է «Ինտերպոլը»: Սակայն Ռուսաստանում նրան ոչ ոք չէր որոնում, նամակներ չէին գալիս: Մենք ապրում ենք մեր գրանցման հասցեում, մեզ ոչ ոք չէր փնտրում: Իմ ամուսինը գարնանը մեկնել էր Հնդկաստան, ու ոչ ոք նրան չէր ձերբակալել: Ոչ մի խնդիր չկար», - պատմեց Յուլիա Միրոնովան:

«Ազատությանը» դեռ չի հաջողվել արձագանք ստանալ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից:

Սերգեյ Միրոնովը աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիանմերի ոլորտում գործող բելառուսական Синезис ընկերությունում, որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար: Դեռևս չի հաջողվել նաև մեկնաբանություն ստանալ ընկերությունից:

«Ինձ ասացին, որ իմ ամուսնուն ներկայացվել են ահավոր և ծանր մեղադրանքներ՝ կապված զենքի, փողերի լվացման հետ: Իմ ամուսինը Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, և ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ, այստեղ նաև քաղաքական համատեքստ կա: Այլ բացատրություն չունեմ: Ամուսինս ընդամենը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթով, Սան Ֆրանցիսկոյում ուսման է եղել», - պատմեց Միրոնովան:

Նա հավելեց, որ շաբաթ օրը կարողացել է հանդիպել ամուսնու հետ․ - «Ինձ հաջողվեց երեկ նրա հետ հանդիպել, և անգամ ինչ-որ բան փոխանցեցի հայկական խոհանոցից, որպեսզի նա համտեսի: Առայժմ Սերգեյը նույնպես չի հասկանում, թե ինչու այսպես ստացվեց: Ինքը նույնպես շփոթված է և սպասում է իր փաստաբանների հետ հանդիպմանը: Միգուցե, նրա՞նք կկարողանան բացատրել, թե ինչ խնդիր կա»:

«Ազատության» հետ զրույցում Սերգեյ Միրոնովի ռուսաստանցի փաստաբան Կարեն Ներսիսյանը հույս հայտնեց, որ հայաստանյան դատարանը ազատ կարձակի իր պաշտպանյալին:

«Մենք դեռ ինքներս չգիտենք, թե ինչ մեղադրանք է իրեն ներկայացված: Ամբողջ այդ իրավիճակի վայրենությունը նրա մեջ է, որ ոչ ինքը, ոչ ռուսական հյուպատոսը չգիտի, թե ինչի մեջ են մեղադրում: Ասում են, թե ինչ-որ նման բաներ կա [զենքի ապօրինի վաճառք և փողերի լվացում], նույնիսկ գումարի չափը՝ 50,000 դոլար, բայց դա սոսկ խոսակցություններ են», - ասաց փաստաբանը:

Կարեն Ներսիսյանից բացի Միրոնովի շահերը պաշտպանում է հայաստանցի փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

XS
SM
MD
LG