Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Դատապարտյալների հիվանդանոց


Օմբուդսմենն ընդունել է «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամների համար պատշաճ բուժօգնություն պահանջող քաղաքացիներին, 23-ը օգոստոսի, 2016թ.
Օմբուդսմենն ընդունել է «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամների համար պատշաճ բուժօգնություն պահանջող քաղաքացիներին, 23-ը օգոստոսի, 2016թ.

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը երեկ՝ օգոստոսի 23-ին հատուկ նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:

«Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 22-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ապա՝ հեռացվել է նրա ոտքի վրայի ծանրոցը, դրվել է գիպսե վիրակապ: Հենց Հարությունյանի պնդմամբ, իր ինքնազգացողությունը լավացել է, և կարողանում է ազատորեն շարժել աջ ոտքի մատները: Ընդ որում, ոտքի մատների այդ շարժումը նա կատարել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժշկի ներկայությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ օմբուդսմենի գրասենյակի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից Աշոտ Պետրոսյանի վերքերի վրա դրված կարերը քանդվել են 2016 թվականի օգոստոսի 22-ին: Սեդրակ Նազարյանին 2016 թվականի օգոստոսի 23-ին հանձնուքով փոխանցվել է սառնարան, հեռուստացույց, էլեկտրական հովհարիչ և իրեն անհրաժեշտ այլ իրեր: Առանձնազրույցի ավարտին Նազարյանը կարևորել է Պաշտպանի և նրա ներկայացուցիչների պարբերական այցելությունները քրեակատարողական հիմնարկ։

Գրասենյակը հայտնում է, որ Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը և Սեդրակ Նազարյանը պահման պայմանների, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման ու սպասարկման կապակցությամբ դժգոհություն չեն ներկայացրել:

«Արձանագրվել է, որ օգոստոսի 16-ին, 19-ին և 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմն այցելել է վերը նշված բոլոր կալանավորված անձանց և կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություններ, այդ թվում՝ վիրակապություններ: Վիրակապությունների նման պարբերականությունը պայմանավորված է վերքերի լավացմամբ և բժշկական ցուցմամբ: Պարզվել է նաև, որ ցերեկային ժամերին (մինչև ժամը 18:00) վերոնշյալ կալանավորված անձանց, այդ թվում՝ նաև՝ Հովհաննես Հարությունյանի խնամքն իրականացվում է բուժակի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ հերթապահ բուժակի կողմից, իսկ վարչակազմի ներկայացուցչի աթոռը տեղադրված է անմիջապես Հարությունյանի հիվանդասենյակի դռան դիմաց», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ գրասենյակը նշում է, որ հիվանդասենյակների մաքրությունն իրականացվում է սանիտարի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից:

«Օգոստոսի 23-ին նախաձեռնվել է հարցի քննարկման ընթացակարգ: Քննարկման շրջանակներում կալանավորված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են գրավոր պարզաբանումներ բարձրացված հետևյալ հարցերի կապակցությամբ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց խնամքն ապահովող բուժակների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցնելու, կալանավորված անձանց բուժօգնության հետագա կազմակերպման և նրանց հետագա խնամքն ապահովելու, Հարությունյանի կողմից իր նախընտրած բժշկի կողմից վիրահատության ենթարկվելու և բուօգնություն ստանալու հարցերի, ինչպես նաև նշված անձանց պահման մի շարք այլ պայմանների կապակցությամբ: Պահման պայմանների ապահովման կապակցությամբ առանձին հարցեր լուծում են ստացել տեղում կամ ներառվել են պաշտոնական հաղորդակցության մեջ», - ասված է հաղոորդագրությունում։

Հիշեցնենք, երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ էին այցելել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով օմբուդսմեն Արման Թաթոյանի միջամտությունը, որպեսզի պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին։

Ավելի վաղ վիրավորների պաշտպանները ահազանգել էին, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժակներն այլևս 24-ժամյա հերթապահություն չեն իրականացնում Դատապարտյալների հիվանդանոցում, իսկ դրա կարիքն իրենց պաշտպանյալներն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG