Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանն ահազանգում է. Դատապարտյալների հիվանդանոցից «Էրեբունի» ԲԿ բուժակների հերթապահությունը հանվել է


Ինեսսա Պետրոսյան, արխիվ

Ինեսսա Պետրոսյան, արխիվ

«Սասնա ծռեր» կոչվող խմբի անդամներ Պավել Մանուկյանի, Արամ Մանուկյանի և Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ահազանգում է՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հանվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից սահմանված բուժակների 24-ժամյա հերթապահությունը։

«Այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իմ երեք պաշտպանյալներին՝ Պավլիկ Մանուկյանին, Արամ Մանուկյանին և Արմեն Լամբարյանին։ Ինչպես գիտեք, ուրբաթ օրը Պավել Մանուկյանին վիրահատել են, և այսօր գնացի տեսակցության և պարզեցի, որ այսօրվանից «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից սահմանված 24-ժամյա հերթապահությունը բուժակների կողմից ուղղակի հանվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Ես սա գնահատում եմ որպես անմարդկային քայլ, որովհետև իմ երեք պաշտպանյալները, ինչպես նաև մյուս տղաները, փաստորեն, անշարժ վիճակում են գտնվում՝ գամված են անկողնուն, ինքնուրույն տեղաշարժվելու որևէ հնարավորություն չունեն։ Տղաներից միայն Սեդրակ Նազարյանն է, որ կարողանում է ինքնուրույն քայլել, չնայած ունի ծանր մարմնական վնասվածքներ։ Նման պայմաններում, փաստորեն, նրանք զրկվեցին արդեն շուրջօրյա բուժօգնություն ստանալու հնարավորությունից, և խնդիրը ես գնահատում եմ շատ լուրջ»։

Պաշտպանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը և Արամ Մանուկյանը գտնվում են առանձին հիվանդասենյակներում, իսկ ինքն այնտեղ ընդամենը քրեակատարողական հիմնարկի մեկ աշխատող է տեսել՝ դռան մոտ նստած, բուժաշխատող, ըստ Ինեսսա Պետրոսյանի, այդտեղ չի եղել։

«Շուրջօրյա հսկողություն՝ սանիտարական, բուժական, այլևս վերացված է։ Պավել Մանուկյանն այսօր արդեն ջերմում էր, խնդիրներ կար, հետվիրահատական շրջան է, և իրենք անմիջապես երկուշաբթի հանում են բուժակին։ Ունենք փաստ, որ նրանք գտնվում են վատ վիճակում՝ զրկված բուժօգնությունից։ Այնտեղ ուղղակի կարգուկանոն ապահովող աշխատողներն են, ոչ առաջին օգնություն ցուցաբերող», - ասաց Պետրոսյանը։

Փաստաբանը պատմեց, որ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է եղել, նույնիսկ, ըստ Պետրոսյանի, նա շատ դժվարությամբ է զանգահարում և ինչ-որ մեկին կանչում, որպեսզի ցավազրկում իրականացվի, դռան վրա իր է նետել, որպեսզի կարողանա իր վրա ուշադրություն հրավիրել։

Ստեղծված իրավիճակի պատճառների վերաբերյալ «Ազատության» հարցին Պետրոսյանը պատասխանեց. - «Գիտեք, բազմիցս խոսվել է ճնշումների հետ կապված նույն բժիշկների վրա։ Ճիշտն ասած, չէի ուզում այդ ամենին այսքան հավատալ՝ մտածելով, որ բժիշկները պետք է ամեն դեպքում իրենց առաքելությունը կատարեն և, ըստ էության, կատարում են, չնայած այն հանգամանքին, որ նույն բժիշկները կարող էին ահազանգել և ասել՝ «մեր հիվանդներն են, և իրենք պարտադիր պետք է պահվեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում», մինչդեռ դա տեղի չունեցավ, և այսօր էլ նրանք դիմեցին այս քայլին՝ հանելով բուժակի ծառայությունը»։

Արձագանքելով պաշտպանի ահազանգին` «Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, որ Դատապարտյալների հիվանդանոցն ունի իր բուժաշխատողները, հետևաբար իրենք որոշել են իրենց բուժակին այլևս քրեակատարողական հիմնարկ չուղարկել։

XS
SM
MD
LG