Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Բուժաշխատողներից ցուցմունքներ են կորզվել վիճելի ազատ կամարտահայտության պայմաններում


Փաստաբաններ Տիգրան Եգորյանը (ձ) և Վարդգես Շուշանյանը լրագրողների հետ հանդիպմանը: 9-ը օգոստոսի, 2016 թ․

Փաստաբաններ Տիգրան Եգորյանը (ձ) և Վարդգես Շուշանյանը լրագրողների հետ հանդիպմանը: 9-ը օգոստոսի, 2016 թ․

«Սասնա ծռեր»-ին պատանդառության մեղադրանք է առաջադրվել միայն բժիշկների մասով, մինչդեռ օրեր շարունակ գնդի տարածքում մնացած (նաև բարձրաստիճան) ոստիկանները, փաստաբանների ենթադրությամբ, գործով որպես վկա են անցնում:

Տիգրան Եգորյանը կռահում է՝ իրավապահները հավանաբար հաշվի են նստել այն դրույթի հետ, որը նախատեսում է պատասխանատվությունից ազատում՝ եթե ենթադրյալ հանցագործը կամովին հրաժարվում է արարքից․ - «Եվ քանի որ բոլոր ոստիկանները ազատ էին արձակվել, ենթադրաբար ինչ-որ մեկը քննչական խմբից մի քիչ ուշադիր է կարդացել այդ մասը, և ոստիկանների մասով չի առաջադրվել այդ մեղադրանքը, առաջադրվել է միայն բուժանձնակազմի մասով: Եվ փորձ է արվել այդ մեղադրանքը հիմնավորելու համար գիշերային ժամին, բավական վիճելի ազատ կամքի արտահայտման պայմաններում բուժաշխատողներից ցուցմունքներ են կորզվել»:

«Սասնա Ծռերի»-ի պաշտպանների խմբում ընդգրկված Տիգրան Եգորյանը, վկայակոչելով ոստիկանության տարածած տեսանյութում հրապարակված բժիշկների ցուցմունքները, պնդեց, որ բուժաշխատողների բառապաշարը, ձևակերպումները չափազանց մեղմ են, չեն կարող բնորոշվել պատանդառություն․ - «Այն ծայրահեղ կոմպրոմիսն է, որին բուժանձնակազմի աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով գնացել են և ինչ-որ ցուցմունք տվել են էդ ուղղությամբ: Խիստ կասկածի տակ ենք դնում այդ ցուցմունքների թույլատրելիությունը քրեական դատավարության տեսանկյունից»:

Փաստաբանների խոսքով, խմբի բոլոր անդամներին առաջադրված մեղադրանքները նույն բովանդակությունն ունեն, չկա որևէ հստակեցում, օրինակ, որտեղի՞ց կամ ի՞նչ տեսակի զենք է ձեռք բերվել, արդյո՞ք բոլորն են պատանդ պահել բժիշկներին և այլն․ - «Նույն ստանդարտ ձևակերպումներով, որևէ մեկի գործողությունները անհատականացված չէին: Մեղադրանքը զուտ վերացական և ընդհանրական բնույթ կրող ձևակերպումներից էր բաղկացած: Ակնհայտ է, որ որոշումները ուղղակի քաղաքական են եղել, և անկախ նրանից, թե այդ որոշումներում ինչ գրված կլիներ, դրանց հիմնավորող նյութերը ինչ կլինեին, կալանքները պետք է տրվեին: Հակառակ դեպքում, եթե, ինչպես պետական պաշտոնյաները խոստանում էին ապահովել արդար դատաքննության իրավունքը, ոչ միայն մեղադրանքները, այլ առնվազն կալանքի միջնորդությունները պետք է չբավարարվեին»:

«Սասնա ծռեր»-ի բոլոր ներկայացուցիչները բողոքարկել են երկամսյա կալանքի որոշումները: Այսօրվանից արդեն դատարանը քննում է բողոքները:

Արմենակ Կյուրեղյանն, ում երկու որդիներն այս գործով մեղադրյալ են, ինքն ու կինն էլ կասկածյալ՝ սառը զենք կրելու հոդվածով, գրեթե համոզված է, որ բողոքարկումներն արդյունք չեն տալու․ - «Ինչպես են, ասենք, ոստիկանությունը և իրավապահ մարմինները խախտում օրենքները հենց մեր ընտանիքի հանդեպ, սառը զենքի կասկածանքով մարդիկ են բերվում․․․ Էդ գործելաոճը, որ մարդու գրպանը դանակ են գցում, սարքում են գործեր․․․ Եվ ես համոզված չեմ հիմա, որ արդար դատավարություն կլինի»:

XS
SM
MD
LG