Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր լրանում է «Սասնա ծռեր»-ի անդամներից շատերի կալանքի որոշումները բողոքարկելու ժամկետը


Պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք, զինամթերք փոխադրելու և պահելու մեղադրանքով կալանավորվածների պաշտպանները անհիմն համարելով երկամսյա կալանքները՝ վերաքննիչ դատարանից պահանջնում են փոխել այդ որոշումները։ Նրանց պաշտպանները, անհիմն համարելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումները, դրանք բողոքարկում են վերաքննիչ ատյանում։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց դատապարտյաների հիվանդանոցում գտնվող Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, քանի որ հրազենային վիրավորում ստացած զինված խմբի անդամին դատարան չէին բերել։ Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի պնդմամբ, Հարությունյանը կրկնակի վիրահատության կարիք ունի:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Պապիկյանը, չնայած վերաքննիչ բողոքում նշել էին դատական նիստը Հովհաննես Հարությունյանի ներկայությամբ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց իրենց անհայտ պատճառներով Քրեակատարողական վարչությունը այդ պահանջը չէր կատարել։

Այսօր առանց դատախազության ներկայացուցչի կայացած դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ հնարավորություն տալով խափանման միջոցի մասին քննարկմանը մասնակից դարձնել հրզենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանին։

Պապիկյանն ասաց, որ վաղը նախատեսվում է անկողնուն գամված Հովհաննես Հարությունյանին բերել դատարան․ - «Այսօր ուսումնասիրվեց նրա [Հարությունյանի] առանձին դիմումը, և լավ էր, որ գոնե դատարանը սա բավարարեց: Որովհետև առաջին ատյանի դատարանում ևս մեր պաշտպանյալը ներկա չէր եղել: Ճիշտ է, գործի մեջ գրավոր դիմում կա, որ նա չի ցանկանում ներկա լինել, բայց մենք ասացինք, որ Հովհաննեսն ասում է՝ այդ դիմումը, ճիշտ է, ես եմ ստորագրել, սակայն չեմ հիշում ինչ բովանդակությամբ: Վիրահատությունից կարճ ժամանակ հետո հավանաբար դեղերի ազդեցության տակ է եղել և լավ չի հիշում: Սույն դեպքում, կարծում եմ, արդարադատության շահերից է բխում, որ անձը, ում նկատմամբ խափանման միջոց պետք է ընտրվի, ինքը պարտադիր ներկա լինի դատական նիստին, առավել ևս՝ եթե ինքը այդպիսի ցանկություն ունի»:

«Սասնա ծռերի» անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը փոխանցեց, որ նրանց վերաքննիչ բողոքներն արդեն ներկայացվել է դատարան՝ հորն ու որդուն անհապաղ ազատ արձակելու խնդրանքով․ - «Նրանք ունեն ծանր մարմնական վնասվածքներ, ակնհայտ է, որ այստեղ որևէ խուսափելու, խոչընդոտելու խնդիրն ուղղակի իսպառ բացակայում է»:

Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ միջոցներ են ձեռնարկում դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, ինչպես նաև անցած
շաբաթ օրը զինված խմբի քրեական գործով կալանավորված Արմեն Լամբարյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, քանի որ դատապարտյալների հիվանադանոցում նրանց ապաքինման համար պայմաններ չկան․ - «Փաստորեն ուրբաթ օրը Պավել Մանուկյանի և Արամ Մանուկյանի այդ խորը վերքերը, որոնք այս պահի դրությամբ դեռևս բաց վիճակում են գտնվում վիրահատությունից հետո, նշեմ, որ մի քանի վիրահատությունների կրկին պետք է ենթարկվեն, վերքերը կարել են հենց նույն այդ հիվանդասենյակում: Իմ կարծիքով, կարող ա խնդիր լինի, որովհետև դա վիրահատարան չի, մասնագիտացված․․․ ուղղակի մի սենյակ է, որտեղ մի փոքր իրենք կոսմետիկ փորձեցին տեսքի բերել այդ սենյակը: Ընդամենը այդքանը»:

Իսկ հաշմանդամություն ունեցող Արմեն Լամբարյանի ապաքինման համար, փաստաբանի պնդմամբ, տարիներ կպահանջվեն։

Ինեսսա Պետրոսյանն, ով նաև Պավել Մանուկյանի աներորդու՝ Մխիթար Ավետիսյանի պաշտպանն է, ասում է, որ իր չորս պաշտպանյաներից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում։ Ավետիսյանի խափանման միջոցը փոփոխելու դիմումը պաշտպանը դատարան կներկայացնի այսօր․ - «Եվ հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Լամբարյանը, մասնավորապես, երբ որ առաջարկվեց ցուցմունք տալ, ընդամենը հայտարարություն արեց՝ նշելով, որ ինքը պահանջում է, որպեսզի իր նկատմամբ մահափորձ կատարած անձինք պարզվեն և ենթարկվեն պատասխանատվության: Որովհետև որևէ գործողություն Լամբարյանը չի կատարել այդ պահին, իրենք հստակ տեսել են․․․ Եվ դիպուկահարը, ինչքանով որ ես եմ տեղյակ, նույնիսկ արգելված տիպի փամփուշտներով, պայթեցվող ինչ-որ փամփուշտներով, որոնք շատ ավելի ծանր վնասվածք կարող են մարդուն պատճառել, այդպիսի վնասվածք են պատճառել: Իր ոտքը փաստորեն մի քանի տեղից վնասվել է»:

Այսօր իրենց պաշտպանյալների խափանման միջոցը բողոքարկող դիմումներ կներկայացնեն նաև «Սասնա ծռերի» մյուս անդամների՝ Վարուժան Ավետիսյանի եւ Կյուրեղյան եղբայրների, ինչպես նաև շաբաթ օրը «էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից դատարան տարված եւ երկամսյա ժակետով կալանավորված զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանները։

XS
SM
MD
LG