Մատչելիության հղումներ

logo-print

«Սասնա ծռեր» խմբի անդամներին մեկը մյուսի հետևից մեղադրանք է առաջադրվում


Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում

Արդեն հայտնի է, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին, Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրում են ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, կրելու, պատանդ պահելու մեջ:

«Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որոշումը Արայիկ Խանդոյանը հրաժարվեց ստանալ, ծանոթանալ և ստորագրել: Ավելին՝ Արայիկ Խանդոյանը, երբ նրան առաջարկվում էր մեղադրյալ հասկացության դիմաց իր ստորագրությունը դնի, ինքը կեսկատակ - կեսլուրջ ասաց՝ ի՞նչ մեղադրյալ, ես ազատ, անկախ Հայաստանի քաղաքացի եմ, ես չեմ ստորագրի այդպիսի փաստաթուղթ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Դատարանի դահլիճում ժամեր շարունակ խափանման միջոցի ընտրմանը սպասելիս երկու անգամ վատացել է Գևորգ Իրիցյանի ինքնազգացողությունը։ Դատարանի շենքի առջև տեղեկության է սպասում նրա եղբայրը՝ Վահագն Իրիցյանը, ում խոսքով՝ վիրավորված և առողջական խնդիրներ ունեցող եղբայրն իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի է արժանանում։

«Արդեն երկրորդ անգամն է՝ «Սկոռին» կանչել ենք, որ օգնություն ցույց տան կամ հետաձգեն մինչև վաղը», - պատմեց Վահագն Իրիցյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լավատես չէ, որ ինչպես նախագահ Սարգսյանն ասաց՝ «Սասնա ծռերի» անդամները վրեժխնդրության թիրախ առաջիկայում չեն դառնա։ Իրավապաշտպան Ալավեդյանին մտահոգում է նաև այն, որ Ազգային անվտանգության ծառայությունը խախտեց անմեղության կանխավարկածը իր վերջին հայտարարությունում՝ գործածելով ահաբեկիչ բառը: Բացի այդ՝ երեկ նախագահ Սարգսյանը ևս գործածեց «ահաբեկչություն» բառը՝ նշելով, որ «ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է»։

«Փաստորեն 16 օրվա ընթացքում միջազգային հանրության որևէ լուրջ ինստիտուտ չի օգտագործել ահաբեկչություն եզրույթը և դա պատահական չէ, դա ուղերձ է առ այն, որ դա վերին աստիճանի վնասակար է մեր երկրի բնութագրի համար, այնինչ, մինչ այդ զուսպ կեցվածք ցուցաբերող իշխանությունները, առնվազն՝ երկրի գործող նախագահը օգտագործեց այդ եզրույթը այդ տղաների վերաբերյալ առանց որևէ նախնական քննության արդյունքներ ունենալու», - արձանագրեց Լարիսա Ալավերդյանը:

XS
SM
MD
LG