Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրվեն, հետաքննվեն, պետք է ծառայողական քննություններ գնան և բոլոր այն անձինք, ովքեր գործել են օրենքի գծից այն կողմ, գերազանցել են իրենց իրավասությունները, կամ անհամաչափ գործողություններ են կատարել, նրանք անպայման պատժվելու են, հինգշաբթի օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Այո՛, հուլիսի 29-ին մենք ունեցել ենք շատ ցավալի միջադեպեր, որոնց վերաբերյալ երկրի ղեկավարի կողմից կան հստակ հանձնարարականներ, և յուրաքանչյուրը, ով թույլ է տվել խախտում, ոչ իրավաչափ գործողություն, սրանց համար պատժվելու է», - ասաց Նաղդալյանը։

Անդրադառնալով զինված խմբի վնասազերծման գործընթացին, ԱԺ փոխնախագահն ասաց. - «Ուզում եմ նշել, որ մեր ոստիկանների շատ գրագետ աշխատանքը, ազգային անվտանգության մարմինների շատ գրագետ աշխատանքը մեր բոլորի աչքի առաջ է, ինչպես են իրենք աշխատել։ Կարծում եմ, որ աչք ունեցողն անպայման կտեսնի այդ փոփոխությունները, որ կատարվել են այս տարիների ընթացքում մեր ոստիկանների աշխատանքի մեջ, որի արդյունքում այսօր մենք կարողացել ենք այսպիսի հանգուցալուծում ունենալ», - ասաց Նաղդալյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պահվածքն, ով հուլիսի 29-ին հայհոյեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Նաղդալյանը պատասխանեց. - «Ես մեկ անգամ ևս ասեմ, որ քննարկվել է հետևյալը՝ յուրաքանչյուրի գործողությունները քննվելու են՝ ծառայողական քննություն է լինելու, լինելու են հետաքննություններ և յուրաքանչյուրը, ով թույլ է տվել իրեն օրենքից դուրս, իր իրավասություններից դուրս գործողություններ, դրա համար ստանալու է գնահատական։ Մենք չենք ծածկելու, կամ չենք հովանավորելու որևէ մեկին, ով ուզում է դա լինի»։

Խոսելով զինված խմբի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերից՝ ԱԺ փոխնախագահն ասաց. - «Ուզում եմ հավաստիացնել, որ որևէ մեկի նկատմամբ անտեղի, չափից ավելի խիստ կամ չհիմնավորված պատիժ կամ մեղադրանք չի լինելու, բոլոր դեպքերն առանձին-առանձին գնահատվելու են և բոլոր դեպքերի վերաբերյալ քննությամբ լինելու են փաստարկված գնահատականներ, մեղադրանքներ, պատիժներ։ Բոլոր գործողությունները լինելու են օրենքի տառին և ոգուն համապատասխան, որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունք, վրեժխնդրություն կամ այլ բան չի լինելու»։

«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորումը, հիշեցնենք, հուլիսի 17-ից գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և երկու շաբաթ պահել այն իր վերահսկողության տակ: Այդ ընթացքում զոհվել է երկու ոստիկան: Հուլիսի 31-ին խումբ վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին:

XS
SM
MD
LG