Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանել է Բաքու


Սերգեյ Լավրով և Իլհամ Ալիև, Բաքու, 6-ը ապրիլի, 2016 թ․

Սերգեյ Լավրով և Իլհամ Ալիև, Բաքու, 6-ը ապրիլի, 2016 թ․

ՌԴ արտգործնախարարին երեկոյան ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախատեսված է նաև Սերգեյ Լավրովի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակից Իլմար Մամեդյարովի հետ:

Լավրովի աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոնինն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է, շարունակվելու է նաև զենքի մատակարարումը կնքված պայմանագրի շրջանակներում:

Ավելին, դեսպանի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինն ամեն տարի այցելում է Ադրբեջան, և այս տարի նախատեսված այցի ընթացքում, հավանաբար, կկնքվեն զենքի վաճառքին վերաբերող նոր պայմանագրեր:

Սեպտեմբերի 20-ին Բաքվում կկայանա 5-րդ Միջազգային հումանիտար ֆորումը, որն անցկացվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հովանու ներքո: Դորոնինը, ամենայն հավանականությամբ, հենց այս ֆորումի շրջանակում տեղի ունենալիք Պուտի այցն է նկատի ունեցել:

Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշված է՝ Բաքվում կայանալիք բանակցություններին «քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքեր են փոխանակվելու ղարաբաղյան խնդրի շուրջ՝ ի զարգացումն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»:

«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության և միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա», - նաև նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Իլհամ Ալիևը երեկ հանդիպում է ունեցել երկրի կառավարության անդամների հետ: Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե հակամարտությունն առաջիկայում պետք է կարգավորվի և ստատուս քվոն պետք է փոխվի: Նրա խոսքով, կարգավորման միակ տարբերակը փուլայինն է, և դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «լուրջ ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Վերադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարություններին՝ հարկ է նշել, որ Վլադիմիր Դորոնինը հայտարարել է․ - «Մենք չենք ճնշում հակամարտող կողմերին, մենք փնտրում ենք այնպիսի բանաձև, որը հավասարապես կբավարարի երկու կողմերին»:

Դորոնինը հավելել է, թե խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել:

Նա նաև ասել է, թե ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորել՝ հաշվի առնելով «բոլորի շահերը»․ - «Պետք է այնպիսի փոխզիջում գտնել, որը կողմերին թույլ կտա վստահել միմյանց: Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև վատագույն սցենարն է Ռուսաստանի համար»:

«Այսօր մեր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ խորը արմատներ ունեն: Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին», - հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոնինը:

XS
SM
MD
LG