Մատչելիության հղումներ

Վերին Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ


Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Թեև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մարդատար մեքենաների համար ճանապարհը պիտի բացվեր երեկ երեկոյան, սակայն հորդառատ անձրևների պատճառով ավտոճանապարհը այսօր էլ չբացվեց:

Թերեք գետի վարարման եւ քարաթափման հետևանքով Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը փակ է արդեն երկու շաբաթ։

Փակուղում հայտնված մեքենաների համար Հայաստանի կառավարությունը Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ առաջարկեց՝ Փոթիից ու Բաթումիից լաստանավերով դեպի Նովոռոսիյսկ: Դեպի Հայաստան ուղևորվող քաղաքացիների համար Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ 6 չվերթ իրականացրեցին՝ տարհանելով մարդկանց։ Պաշտոնական տվյալներով, Հայաստան է տեղափոխվել 289 քաղաքացի:

Արդեն 6 օր է Լարսում փաստորեն արգելափակված Հայաստանի քաղաքացի Գարեգին Կարապետյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց․ - «Սահմանը էս պահի դրությամբ փակ ա, ոչ մի հատ մեքենա դեռ դուրս չեն թողել։ Էն կողմից ոնց որ թե թողել են ներս, խոսակցություն կա, որ 17 մեքենա»:

Բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց տեղեկություններով՝ վերականգնվել է ճանապարհի մի հատվածը, սակայն մոտ օրերս նույնպես բեռներ փոխադրել հնարավոր չի լինի․ - «Մեկ գծով իհարկե երթևեկություն վերականգնել հնարավոր չէ: Հնարավոր է ռեժիմի սահմանում՝ մեկ ժամով կամ երկու ժամով, հետո կարող է ավելացնեն, որ կարողանան նախ և առաջ մարդատար տրանսպորտային միջոցներին թույլ տալ: Բայց մետեոծառայությունը առայժմ արգելք է դրել այդ ճանապարհով երթևեկությանը, որովհետև անձրևային եղանակները շարունակվում են, և սելավային ջրերի հոսքի վտանգը դեռևս պահպանվում է»:

Հայաստանյան գործարարների խոսքով, բնական աղետի հետևաքնով իրենք նյութական վնասներ կրեցին: Գործատուների միություն նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ տասնյակ արտահանողներ են իրենց դիմել ու խնդրել են հարցը կառավարությանը ներկայացնել։ Նրա կարծիքով, եթե այլընտրանքներ չգտնվեն, հիմնական տուժողը Հայաստանն է լինելու․ - «Զարմանում եմ, որ մեր պետական համապատասխան ստրուկտուրաները շատ հապաղում են: Ամեն տարի մենք այդ պատմությունը լսում ենք․ մի օր պայթում ա, մի օր ձյուն ա գալիս, փակվում ա, մի օր վրացիները չհասցրեցին մաքրեն, մի օր ռուսների կապրիզներն են լինում․․․ Մեր Տրանսպորտի նախարարությունն էլ պետք է մտածի․ կա՛մ ի՞նչ լուծումներ կան, կա՛մ դոնորների դիմել ու փորձել ինչ-որ ճանապարհ կառուցել՝ թեկուզ Հայաստանի միջոցներով, կա՛մ շրջանցել այդ հատվածը: Որովհետև էնպես ա ստացվում, որ հիմնական տուժողը կարծես թե մենք ենք»:

Արտակարգ իրավիճակների, նաև Տրանսպորտի և կապի նախարարությունից փոխանցում են, որ նախնական տվյալներով՝ ճանապարհը մարդատար մեքենաների համար կփորձարկվի վաղը։

XS
SM
MD
LG