Մատչելիության հղումներ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ՝ Հայաստանը բանակցում է Վրաստանի և Ռուսաստանի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին:

«Ճանապարհը լավ վիճակում է: Հայաստանից այս առումով շատ բան կախված չի, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք», - լրագրողներին ասաց Բեգլարյանը:

Ըստ նախարարի, հավանականությունը, որ հարավօսական ճանապարհը կբացվի, «հիսուն-հիսուն է»:

Բեգլարյանը նաև փոխանցեց, որ վրացական կողմը հավաստիացրել է, թե 10-14 օր անց Լարսի ճանապարհը կսկսի գործել:

Կառավարության նիստում խնդրին անդրադարձավ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ հայկական կողմի խնդրանքով, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռ է հատկացրել, և Վլադիկավկազ - Երևան թռիչքով Հայաստան են ժամանել Լարսի ճանապարհի փակման պատճառով Ռուսաստանում մնացած 96 հոգի, ևս 120-ը կփոխադրվեն այսօր:

Անդրադառնալով դեպի Ռուսաստան շարժվող, սակայն այս պահին Վրաստանում գտնվող հայաստանյան բեռնատարներին, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարներին՝ Գաբրիելյանն ասաց, որ դրանք տեղափոխվում են լաստանավերով․ - «Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանում հասնում է 15-20 մեքենաների՝ չհաշված այն մեքենաները, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան - Վրաստան սահմանամերձ գոտում: Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետության մեքենաներին: Կուտակումներ կան նաև Միներալնիե Վոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում»:

Փոխվարչապետը կոչ արեց Ռուսաստան բեռ տեղափոխելիս նախապես տեղ ամրագրել լաստանավի վրա, որպեսզի Վրաստանում կուտակումներ չառաջանան: Վաչե Գաբրիելյանի ներկայացրած տվյալներով, առ այսօր 10 հազար տոննա ծիրան է արտահանվել Ռուսաստան, արտահանվելու է ևս 5 հազար տոննա:

Երեկ «Ազատության» հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հավաստիացրել էր, որ ստեղծված իրավիճակը չի ազդի գյուղացիներից կատարվող մթերումների վրա:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, գյուղմթերքների արտահանման այս ակտիվ շրջանում դեպի Ռուսաստան տանող միակ ցամաքային ճանապարհի փակվելը չի կարող չազդել գյուղացիներից կատարվող մթերումների ծավալի վրա․ - «Որովհետև, ի վերջո, մեր գյուղատնտեսությունն այսօր շատ կախված է Ռուսաստանի շուկայից, և մեր գյուղատնտեսության արտադրանքի մեծ մասը, կամ մի մասը գոնե, արտահանվում է Ռուսաստան, իսկ մենք մի ամիս (այդպես է գնահատվում, ոչ մեկ շաբաթ կամ երկու շաբաթ) այդ ճանապարհը փակ է լինելու: Եվ այն մարդիկ, ովքեր զբաղվում էին ոչ միայն մթերմամբ, այլև գյուղատնտեսական մթերքների արտահանմամբ, այդ մարդիկ այդ մեկ ամսվա ընթացքում կրելու են լրացուցիչ ծախսեր, և դա ուղղակի ձևով ազդելու է հենց այդ մթերումների աշխատանքի վրա»:

Խաչատրյանը նաև տարակուսած էր․ 25 տարվա անկախությունից հետո Հայաստանն անգամ չունի սեփական ավիացիա, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա իր քաղաքացիներին տեղափոխել հայրենիք․ - «Իհարկե, շնորհակալ ենք, որ աջակցում են, բայց ինչո՞ւ մենք պետք է դիմենք իրենց [ռուսական կողմին], որպեսզի մեր քաղաքացիներին տեղափոխենք»:

XS
SM
MD
LG