Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը»


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Սոչիում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում Նալբանդյանը կարևորել է միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և ուղևորատար լաստանավային փոխադրումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Նալբանդյանն ասել է, որ հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի և առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:

«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ոլորտում համագործակցության հուշագրի» ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել հասնել կոնսենսուսի «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի» նախագծի շուրջ: Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին: Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։ Իհարկե, այդ գործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։

«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Ապա նա ընդգծել է. - «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»։

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։

Նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային:

XS
SM
MD
LG