Մատչելիության հղումներ

«Այդ ողբերգությունը գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը»


Հռոմի Ֆրանցիսկոս Պապ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Երևան, 24-ը հունիսի, 2016 թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Երևան, 24-ը հունիսի, 2016 թ․

Ֆրանցիսկոս Պապը այսօր դարձյալ գործածեց «ցեղասպանություն» բառը:

Հազարավոր ուխտավորներ այսօր հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ դիմավորելու Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ Ֆրանցիսկոս առաջինին: Հռոմի Պապը եկեղեցական թափորի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղեկցությամբ, զանգերի ղողանջի ներքո, կեսօրից հետո մուտք գործեց Մայր տաճար:

Կաթոլիկ եկեցեղու առաջնորդը, բարձրանալով Մայր տաճարի խորան, իր ողջույնի խոսքը հղեց՝ ընդգծելով, որ հուզմունքով է ոտք դրել հայ ժողովրդի սրբազան շեմին: «Ես Աստծո թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում»,- ասաց 80-ամյա Պապը՝ շնորհակալություն հայտնելով Գարեգին երկրորդին՝ «իր տանը հյուրընկալելու համար»:

«Քրիստոս է, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին»,- իր ուղերձում ասաց Ֆրանցիսկոսն ու շարունակեց՝ «Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, 301 թվականից, ընդունելու Քրիստոնեությունը որպես իր կրոնը: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել պարագաների կամ առիթների համաձայն»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ իր խոսքում ընդգծեց, թե «խորապես զգացված են», որ ընդառաջելով հրավերին՝ Ֆրանցիսկոս առաջինն այցելեց Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Գարեգին երկրորդը նաև հիշատակեց 2001 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակացությամբ Հովհաննես Պողոս երկրորդի այցը Հայաստան, ինչը «երկու եկեղեցիների եղբայրական հարաբերություններում նոր խթան հանդիսացավ»: Ապա, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիաշատակեց 2015 թվականը, երբ Ֆրանցիսկոս առաջինը Վատիկանում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին:

«Երախտագիտությամբ եմ հիշում Սուրբ Պետրոս Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը, ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդաց և հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է»,- իր խոսքում, մասնավորապես, ասաց Վեհափառը:

Բարիգալստյան արարողությունից և ողջագուրումից հետո, Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների առաջնորդներն այցելեցին Գարեգին առաջին Կաթողիկոսի շիրիմին, այնուհետև՝ հանգրվանեցին Վեհարանում: Ի դեպ, նշենք, որ իր եռօրյա այցի ընթաքցում, Հովհաննես Պողոս երկրորդ Պապի օրինակով, Ֆրանցիսկոս Պապը նույնպես ապրելու է հենց Մայր Աթոռի Վեհարանում:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Բարիգալստյան արարողությունից ժամեր անց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ուղևորվեց նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, որտեղ Հռոմի Պապն ու Հայաստանի նախագահը նվերներ փոխանակեցին: Հայաստանի նախագահի նստավայրում, անդրադառնալով 1915-ի իրադարձություններին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դարձյալ գործածեց «ցեղասպանություն» բառը: «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց Ֆրանցիսկոս առաջինը։

Հայաստանի նախագահը նույնպես հանդես եկավ ելույթով, ընդգծելով, որ Հռոմի Պապի այցը սպասված էր Հայաստանում: «Հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքը»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100 տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն: Երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին, հենց դա վկայեց։

Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»,- մասնավորապես, ասաց Սերժ Սարգսյանը։

Իր խոսքում նախագահն անդրադարձավ նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությանը, ընդգծելով՝ Հայաստանը խաղաղության է ձգտում: «Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակցության, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազատության ու ազատ կամընտրության գաղափարն է։ Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG