Մատչելիության հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր Հայաստանի նախագահի նստավայրում խոսելով 1915-ի իրադարձությունների մասին գործածեց «ցեղասպանություն» բառը:

«Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։

Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։

Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։

Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով։

Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը», - ասաց Հռոմի Պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG