Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս Պապ․ Հավատը Հայաստանին Քրիստոսի պատգամաբերը կարգեց


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռում, 24-ը հունիսի, 2016թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռում, 24-ը հունիսի, 2016թ․

Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձը հղեց: Ուղերձի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեծարգո Եղբայր, Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին: Ես Աստծո թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում:

Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար, Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին և Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին և ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգևեցիք: Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ Ձեր տանը հյուրընկալելու համար: Սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թէ ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը:

Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վառած հավատի լույսի համար, հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մոտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լույսը, արեգակը՝ որ Ձեզ լուսավորեց և նոր կյանք պարգևեց, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին:

Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, 301 թվականից, ընդունելու Քրիստոնեությունը որպես իր կրոնը, այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմեական կայսրության մեջ դեռ բորբոքվում էին հալածաքները: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգև՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ և ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Բ-ը, «հայ հասարակության «Մկրտությամբ» [...] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի և բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտության 1700 հոբելյանի առիթով [2 Փետրվար 2001], 2):

Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան 1700 տարի առաջ ընդունած Մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս և սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել: Գոհություն եմ մատուցում Տիրոջը նաև այն ընթացքի համար, որ Կաթողիկե Եկեղեցին և Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական և անկեղծ երկխոսության միջոցով, հասնելու համար լիարժեք կիսելուն գոհության Սեղանը:

Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները մի լինեն և աշխարհը հավատա: Ինձ հաճելի է հիշել այժմ մեր երկու Եկեղեցիների միջև հարաբերությունների խորացման և երկխոսության ամրապնդման՝ վերջերս տրված վճռորոշ մղումը, Նորին Սրբություններ Վազգեն Ա-ի և Գարեգին Ա-ի և սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի և Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից:

Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքին հիշում եմ Ի դարու հավատի Վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելյանի շրջանակներում: Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի Հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքից՝ Երևանի նորակառույց Տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի և Ձերդ Սրբության ստորագրած համատեղ Հայտարարությունը ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարևոր պահերի և հիշատակությունների առիթով:

Դժբախտաբար, աշխարհը բաժանումներով և ընդհարումներով է խարանված, ինչպես նաև նյութական և հոգևոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների և ծերերի չարաշահումը, և ակնկալվում է քրիստոնյաներից փոխադարձ գնահատման և եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը, համբերատար և մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միություն: Համատեղ ձեռնարկների հզորացումը և ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների մեջ և համագործակցությունը՝ նման են փայլակնացայտ լույսի՝ խավարամած գիշերվան մեջ, և կանչ է ապրելու սիրով և նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ:

Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաև եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս և բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ և արժևորելով այն, ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետև պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել և տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ և այնպիսի ձևերով, որոնցից թափանցի այն սիրո և փրկության ներկայությունը՝ որ ցանկանում ենք սփռել:

Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին, որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է և գործուն, կարող՝ ազգերի, մշակույթների և կրոնների մեջ և միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վկայում ենք և հավատացնում, որ Աստված սեր է և գթասրտություն: Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչված է և մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, և միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի և ամբողջ հասարակության՝ առարկայական երթևեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը և փորում են դժվար բուժվող բաժանումներ:

Ամենակարողն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սյուն լուսո Հայաստանյայց Եկեղեցվո» Գրիգոր Լուսավորչի և Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորիդ և ամբողջ Հայ Ազգը և միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից և փառավոր վկայություն տվել դարեդար»:

XS
SM
MD
LG