Մատչելիության հղումներ

logo-print

Արամայիս Ավագյանի՝ նույնպես 7 տարվա ազատազրկման դատապարտված փաստաբանը ազատ է արձակվել


Արամայիս Ավագյանը որդու հետ

Արամայիս Ավագյանը որդու հետ

Իրավապաշտպանները հույս են հայտնում, որ անհրաժեշտ քայլերի դեպքում կազատվի նաև հայազգի երիտասարդը:

Ուզբեկստանում իսլամիստական ծայրահեղականության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված 34-ամյա հայազգի Արամայիս Ավագյանի փաստաբան Օլիմ Կոբիլովը 7 տարվա բանտարկության վերաբերյալ դատարանի որոշումից հետո տանն է: «Ես տանն եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ ավելացնելով. - «Կներեք, չեմ կարող խոսել Ձեզ հետ»:

Փաստաբանը նպատակահարմար չհամարեց մանրամասնել, թե երբ է դատարանը որոշում կայացրել իր ազատազրկման պատժաչափը փոխելու վերաբերյալ:

Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ փաստաբանն իրեն տեղեկացրել է՝ պետք է տուգանք վճարի: Նա նաև վկայեց, որ փաստաբանն իր գործի վերաբերյալ հեռախոսով մանրամասներ հաղորդելուց խուսափում է, քանի որ նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում են: «Տանից դուրս չի գալիս», - ասաց Ֆլորա Սաքունցը:

Արամայիս Ավագյանի գործով ստեղծված միջազգային պաշտպանության կոմիտեում ներգրավված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «Արամայիսի փաստաբանին ազատություն են շնորհում պայմանով, որ երկիրը լքի, այսինքն՝ արտաքսում»։

«Նախկին փաստաբանին պարտադրեցին հրաժարվել գործից, իսկ գործող փաստաբանը, որը շարունակեց պաշտպանել Արամայիս Սահակյանին դատարանում, փաստորեն, դատապարտվեց <...> շորթման և կաշառքի ինչ-որ մեղադրանքներով: Բայց տեղի ունեցավ բավականին մեծ աղմուկ, հասարակական կարծիքը հենց երկրի ներսում, միջազգային կազմակերպությունները հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտող Ուզբեկստանի իշխանությունների էդ քայլը, և իշխանությունները, փաստորեն, իրենց համար գտան լավագույն ձևը՝ պարտադրելով փաստաբանին լռել և, ինչքան ես եմ տեղեկացված, լքել երկրի տարածքը՝ ազատ արձակելու դիմաց», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Հիմա, թե էդ գործարքը ինչքանով ի կատար կածվի, կլքի նա տարածքը երկրի, թե չի լքի, կշարունակի մնալ երկրում և զբաղվել փաստաբանական գործունեությամբ՝ այս պահին ես ասել չեմ կարող, բայց որ նման գործարքի արդյունքում նա հայտնվել է ազատության մեջ, կարելի է նրան և՛ ազատության համար շնորհավորել, և՛ հույս ունենալ, որ Արամայիս Ավագյանը նույնպես կարող է ազատ արձակվել՝ կա՛մ արտադատարանական որևէ վճռով, կա՛մ դատարանի որևէ վճռով»:

Արամայիս Ավագյանի և նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կոմիտեն անցյալ շաբաթ հաղորդագրություն էր տարածել և Ուզբեկստանի իշխանություններին հորդորել «ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին և Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Արամայիս Ավագյանի և ընկերների, ինչպես նաև Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը»:

Միջազգային կոմիտեի հորդորն ուղղված էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ուզբեկստանում բավականին ազդեցիկ իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ կազատեն նաև Արամայիս Ավագյանին, սակայն արդարացման դատավճիռը հավանական չհամարեց: «Եթե արդարացման դատավճիռ կայացնեն, նշանակում է՝ պետությունը, իշխանությունները համարում են, որ նա ճիշտ էր: Այդ դեպքում քննիչները, որոնք գործով զբաղվել են նախքան դատավարությունը, ուղղակի պետք է պատասխանատվության ենթարկվեն, պատժվեն: Այդ պատճառով, դժվար թե գնան այդ քայլին», - բացատրեց Իքրամովը՝ հավելելով․ - «Հնարավոր է՝ հիվանդությունների հետ կապված ազատեն»:

Ուզբեկստանցի իրավապաշտպանը կարևոր համարեց, որ գործով զբաղվում են նաև Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը: «Ինչ-որ բան պետք է լինի, բայց գուշակելը շատ դժվար է, քանի որ Ուզբեկստանի իշխանությունները շատ անկանխատեսելի են, հատկապես՝ ուժային կառույցները», - ընդգծեց նա՝ կարևորելով նաև, որ Արամայիս Ավագյանի գործի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր․ - «Խոսքը պետության մասին է, իսկ նա հայազգի ներկայացուցիչ է: Ինչպես, օրինակ, եթե որևէ տեղ որևէ ռուսի են ձերբակալում կամ նման բան, Ռուսաստանի ԱԳՆ-ը խառնվում է, եթե պետք է լինում՝ նաև նախագահը: Դա նորմալ երևույթ է և իմ կարծիքով՝ ճիշտ է: Եվ, իհարկե, հայկական կողմի միջամտությունը, հատկապես եթե դա անի կառավարությունը, իհարկե, ներդրում կլինի նրան ազատելու գործում»:

Ձկնաբուծարանը տեղական իշխանության ղեկավարին չզիջելուց հետո քրեական պատմությունների մեջ հայտնված Արամայիս Ավագյանն անգամ խոշտանգումներից հետո էր հրաժարվել ընդունել իրեն վերագրվող ծայրահեղականության և մյուս մեղադրանքները:
Այժմ նրա բողոքը Ուզբեկստանի գերագույն դատարանում է:

XS
SM
MD
LG