Մատչելիության հղումներ

Արամայիս Ավագյանին Ուզբեկստանում խոշտանգում են՝ արմատական իսլամիստական գործունեության մեղադրանքով


Արամայիս Ավագյանը որդու հետ

Արամայիս Ավագյանը որդու հետ

Իբրև մեղադրանքի հիմնավորում նախաքննական մարմինը նշում է, թե երիտասարդը մորուք է պահել:

Ուզբեկստանի քաղաքացի Արամայիս Ավագյանին, ընտանիքի և պաշտպանի պնդմամբ, ուզբեկական մեկուսարաններում ամիսներ շարունակ խոշտանգում են՝ փորձելով պարտադրել ցուցմունքներ, թե ինքը ներգրավված է եղել ահաբեկչական խմբավորումներում:

Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրին Տուրսունովան երեխայի հետ

Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրին Տուրսունովան երեխայի հետ

33-ամյա Արամայիսը երկու անչափահաս երեխա ունի՝ 4 տարեկան Միլենան և 11 ամսական Անդրանիկը:

Արամայիս Ավագյանին առևանգել են սեպտեմբերի 4-ին, տևական ժամանակ հարազատները տեղեկություն չեն ունեցել նրանից, հիմա գիտեն, որ նա մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու» փորձերի մեջ:

Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը գործի նախաքննությունն ավարտել է դեկտեմբերի 7-ին, դատական առաջին նիստը պետք է նշանակվի գալիք տարի: Արամայիսի հարազատները, հերքելով պաշտոնական պնդումները, հակադարձում են, որ այս պատմությունը սկսվել է բիզնես շահերից:

Ձկնաբուծարանից՝ բանտ

Երկու տարի առաջ Արամայիսը արհեստական ջրամբար է կառուցել և սկսել զբաղվել ձկնաբուծությամբ: Ձկնաբուծարանը գրավել է Ժիզակի համայնքապետ Սաբիր Կաշիբաևին: Նա տևական ժամանակ հայազգի երիտասարդի ձեռքից բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո, հարազատների պնդմամբ, սպառնացել է Ավագյանին՝ «կնստես բանտում»:

Արամայիսի մայրը՝ Ֆլորա Սաքունցը, «Ազատության»-ը տեղեկացրեց, որ որդու նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ Ուզբեկստանում ձկնաբուծարաններով հայտնի Կաշիբաևը, տեղեկանալով, որ Արամայիսի և նրա ուզբեկ ընկերների վարձակալած տարածքում կան ձկան պաշարներ, առավել մեծ ջանքերով է փորձել խլել նրանց բիզնեսը: Վեճը հասել է գագաթնակետին, երբ ջրամբարում մնացել է տոննաներով մանրաձուկ:

«Ասում ա՝ «երբ պիտի էդ ձկան ամբարը ինձ տաս դու», էն էլ ասում ա՝ «ո՞նց պիտի քեզ տամ, ես էդ ջրամբարով ապրում եմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ֆլորա Սաքունցը:

Մոր փոխանցմամբ՝ այս երկխոսությունից երեք օր անց պարկը քաշել են որդու գլխին, ձեռնաշղթաներ հագցրել: Հարազատները 40 օր չեն իմացել, թե որտեղ է նա:

Հայազգի երիտասարդին, որի ողնաշարը վիրահատել էին ամիսներ առաջ, մեկուսարանում ծեծել են, պաշտպանին տևական ժամանակ արգելել են տեսակցել նրան:

«Էրեխուս ոտը ջարդել, առաջին երեք օրը, ադվակատին պատմում ա, ասում՝ էնքան են ծեծել, որ բերել են Տաշքենդ՝ հիվանդանոց, դրանից հետո տանում են էլի Ժիզակ, ձախ կողքը լրիվ գիպս են դնում, ու չեն թողնում, որ մենք տեսնենք: Էն աստիճանի են ծեծել, որ էրեխեն չի կարողանում քայլի», - պատմեց մայրը:

Արամայիսի կինը՝ Շիրին Տուրսունովան «Ազատության»-ը փոխանցել է, որ տևական ժամանակ մեկուսարանը նույնիսկ հրաժարվել է սնունդ ու դեղ փոխանցել, մի պահ անգամ կասկածել է, թե արդյոք ամուսինը ողջ է:

Մորուքը՝ իբրև ապացույց

Իբրև ծայրահեղ իսլամիստական խմբավորում ձևավորելու մեղադրանքի հիմնավորում նախաքննական մարմինը նշում է, թե Արամայիս Ավագյանը մորուք է պահել: Հարազատները, սակայն, պնդում են, որ տղան մորուք է պահել եղբոր և պապի մահվանից հետո, երբ սգի մեջ է եղել: Արամայիս Ավագյանն անգամ հարազատների հետ նկար ունի, որը փաստում է, որ Ուզբեկստանում սգի մեջ գտնվող գերդաստանի տղամարդիկ 40 օր, հետևելով ավանդույթին, չեն սափրվել:

Իսլամ և քրիստոնեություն

Ըստ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության վարույթում ավարտված նախաքննության տվյալների, Արամայիս Ավագյանն ընդունել է իսլամ՝ ամուսնական ծիսակատարության ժամանակ: Եվ որպես ապացույց նախաքննական մարմնի ներկայացուցիչը բերել է ամուսնական ծիսակատարությունն իրականացրած իմամի վկայությունը: Բայց կինը հերքում է, թե իմամը առհասարակ կարող էր նման բան ասել, քանի որ իսլամիստ հոգևորականը, Արամայիսի կնոջ փոխանցմամբ, մահացել է երկու տարի առաջ, և պարզ չէ, թե ինչպես է ուզբեկական նախաքննական մարմինը ձեռք բերել նման վկայություն:

«Ինքը հիմա էլ ա քրիստոնյա, մենք օրենքով քրիստոնյա ենք», - պնդեց Արամայիսի մայրը:

«Ոստիկանից՝ ձկան կեր»

Ուզբեկստանի ԱԱԾ-ի փաստաթուղթը

Ուզբեկստանի ԱԱԾ-ի փաստաթուղթը

Իրավապաշտպան կառույցների քննադատությանն արժանացող Ուզբեկստանում այս պատմությունն այսքանով չի ավարտվել: «Ազատության» ուզբեկական ծառայության փոխանցմամբ, ականատեսները պնդում են, որ Արամայիս Ավագյանի բնակության վայրում ստալինյան տարիների ոգով կազմակերպված հավաքի ժամանակ բարձրաձայն ընթերցել են Ազգային անվտանգության ծառայության նամակը, որտեղ 33-ամյա երիտասարդին վերագրվում են ներկայացված մեղադրանքը, ինչպես նաև պնդում, թե իբր Արամայիսը ընկերների հետ գողացել է ջրատար խողովակներ, բացի այդ՝ փորձել է ոստիկանների սպանելով՝ դարձնել «ձկան կեր»:

XS
SM
MD
LG